Ռուսաստանում ապօրինի գտնվող ներգաղթյալները պետք է մինչև ապրիլի 30-ը դիմեն ոստիկանություն կամ «Սախարովո» միգրացիոն կենտրոն, որպեսզի օրինականացնեն իրենց գտնվելը երկրում և խուսափեն արտաքսումից:
Այդ մասին հայտնել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունից:
«Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ գործում է ՌԴ նախագահի թիվ 1126 հրամանագիրը, որով հնարավոր է առանց արտաքսման և մուտքի արգելքի ռիսկի օրինական դարձնել ձեր գտնվելը Ռուսաստանում»,- հայտնել են գերատեսչությունից:
ՌԴ ՆԳՆ-ից հստակեցրել են, որ այդ հրամանագիրը վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք ավելի քան 3 ամիս գտնվում են Ռուսաստանում առանց արտոնագրի կամ աշխատանքի թույլտվության, ժամկետանց և չվճարված արտոնագրով, ինչպես նաև չունեն ժամանակավոր բնակության կամ կացության թույլտվություն: