Քննարկման օրակարգում են եղել մարզային բժշկական կենտրոնների 2023-2024 թվականների ծախսային արդյունավետությունը, օֆերտայի ներդրման պայմանները, թվայնացման ընթացիկ աշխատանքները:
«Մարզերում մատուցվող բուժծառայությունների առումով պետք է հստակ տեսանելի լինի բուժհաստատության զարգացման ամբողջ պոտենցիալը: Ներդրվող առողջության ապահովագրությանն ընդառաջ` նախապատրաստական այս փուլում, մարզային կենտրոնները պետք է համակողմանիորեն պատրաստ լինեն: Ապահովագրական ռեֆորմը զարգացման նոր հնարավորություն է ստեղծելու ծառայությունների տեսակների ընդլայնման և սպասարկման ծավալների մեծացման համար»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարարը հանդիպմանն անդրադարձել է բարեփոխմանն ընդառաջ իրականացվող աշխատանքներին` բոլոր մարզերում իրականացվող կապիտալ շինարարությանը, վերազինմանը, թվայնացման ընդլայնմանը, որակի վերահսկման և ներքին կառավարման ներդրմանը:
Անահիտ Ավանեսյանը խրախուսել է օգտվել պետական աջակցման լիզինգային ծրագրից` լրացուցիչ բուժծառայություններ ներդնելու հնարավորությունից:
Հանդիպումն ավարտվել է հարց ու պատասխանով:
Հավաքագրված խնդիրներին տեղում լուծումներ տալու նպատակով առաջիկայում նախատեսվում է նախարարի մարզային այցեր: