Կարևոր իրադարձություններ

34 տարի առաջ այսօրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

23 Օգոստոս, 2024 08:40
34 տարի առաջ այսօրն ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը

Հ

1990 թվականի օգոստոսի 23–ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում ընդունվեց Հայաստանի անկախության հռչակագիրը և ազդարարվեց Հայաստանի անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը։

Հայաստանի անկախության մասին հռչակագիրը Հայաստանի Հանրապետության հիմնադիր փաստաթուղթն է և Հայաստանի Սահմանադրության հետ միասին նրա հիմնարար երկու փաստաթղթերից մեկը։ Այն սահմանադրության հետ կազմում է մեկ միասնական ամբողջություն, քանի որ Հայաստանի սահմանադրությունը խարսխված է Անկախության մասին հռչակագրում ամրագրված սկզբունքների և նպատակների վրա։
 
Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը սկսվում է հետևյալ պարբերությամբ՝

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները … ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Հայաստանի սահմանդրության նախաբանի դրույթները, ինչպես նաև Հայաստանի անկախության մասին հռչակագրի պահանջներն ունեն իմպերատիվ (պարտադիր, անսակարկելի) բնույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին