Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին և այն համարել անհետաձգելի:
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ նախագային փաթեթով առաջարկվում է միավորել Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել քաղաքացիական կառավարմամբ ուսումնական հաստատություն, որը թույլ կտա մեկ կետից ապահովել կադրերի պատրաստման, վերապատրաստման այն քաղաքականությունը, որը կմշակի ՆԳ նախարարությունը։
Մեկ կետից կառավարումը թույլ կտա մի կողմից ապահովել որակական փոփոխություն, մյուս կողմից՝ օպտիմալ և արդյունավետ կառավարում։ Ուսումնական երկու կենտրոնների միավորումը նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ, և այն հետագայում կտեղակայվի Ակադեմիական քաղաքում։
Անդրադառնալով կրթության կազմակերպմանը՝ Արփինե Սարգսյանն արձանագրել է, որ երկու ուսումնական հաստատությունները մեծ ավանդ ունեն ոստիկանական և փրկարարական կադրերի կրթության ոլորտում, սակայն այս փաստի ընդունումը չպետք է խոչընդոտ հանդիսանա կրթական հաստատությունների զարգացման, արդի պահանջներին համապատասխան վերափոխվելու և անհրաժեշտ չափանիշներով կրթություն երաշխավորելու համար։
Փոխնախարարը նշել է, որ նախատեսվում է ներդնել շարունակական կրթության հստակ մեխանիզմ, որը հնարավոր կդարձնի համակարգում ցանկացած առաջխաղացում կրթական խողովակով անցնելու պայմանով։ Անդրադարձ կատարելով ծառայության ընթացքում վերապատրաստումներին՝ նա ընդգծվել է, որ անհրաժեշտ է ապահովել տարեկան վերապատրաստում՝ գործող 5 և 3 տարին մեկ անգամ վերապատրաստվելու փոխարեն, որը թույլ կտա հաշվի առնել կոնկրետ ծառայողի կարիքը, ծառայության կատարողականը, հանրության կարծիքը և հասցեագրել դրանք։
Անդրադարձ է կատարվել կրթության մեթոդաբանության և ենթակառուցվածքների վերափոխման հարցերին։
Վարչապետը, անդրադառնալով օրինագծերին, նշել է, որ իրականում շատ լուրջ հայեցակարգային փոփոխությունների մասին է խոսքը, որը
Կառավարությունը սկսում է կիրառել ոստիկանությունում և պետք է կիրառի նաև բանակում և Ազգային անվտանգության ծառայությունում: «Հիմնականում օբյեկտիվ հանգամանքների բերումով՝ սպայական ծառայություն իրականացնող բազմաթիվ մեր հարգելի գործընկերների կրթությունը կապ չունի սպայական ծառայության հետ: Մենք ունենք սպաներ, ովքեր առաջին կրթությամբ, ասենք՝ մանկավարժներ են, տնտեսագետներ, պատմաբաններ և այլն»,-ասել է Կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ անհրաժեշտ է փոխել այդ ավանդույթը. «Եթե մարդն աշխատելու է շարքային պարեկ, Ներքին գործերի նախարարության կրթահամալիրում ստանում է այն հմտությունները, որն իրեն պետք է պարեկ լինելու համար: Մասնագիտության ընտրությունն ենք նաև լրջացնում, որպեսզի ասենք՝ հարգելի քաղաքացի, որոշի, եթե դու ուզում ես լինել ոստիկան, մենք քեզ կաջակցենք այդ հարցում: Շարքայինից գեներալ դառնալու ճանապարհին Ներքին գործերի նախարարության ակադեմիան պետք է ոստիկանին, ոստիկանության ծառայողին և փրկարարին ուղեկցի: Այստեղ շատ կարևոր է նաև ստանդարտների հաստատումը»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ցանկացած պետության համար առանցքային նշանակություն ունի սպայական դասը և սպայական դասի գոյությունը: «Ակադեմիական քաղաքի հետ կապված մեր գաղափարն այն է, որ բոլոր այն մասնագիտությունների համար, որոնք բնույթով ուղիղ կամ անուղղակի կապվում են զինվորական ծառայության հետ՝ ունենանք ընդհանրական ինչ-որ մի կուրս, որը լինի ոչ թե մասնագիտացման մասին, այլ սպայական կրթություն լինի՝ ինչ է նշանակում սպա և այլն:
Ընդհանուր այդ կրթական բազան, որը պիտի ենթադրի սպայական բովանդակության ուսուցանումը, Ակադեմիական քաղաքի նախագծի առանցքային հատվածներից մեկն է, որը որպես գաղափար, հայեցակարգ կա, բայց մանրամասներին մենք պետք է անդրադառնանք: Հայեցակարգային գաղափարը սա է և մենք հետևողական քայլերով պետք է այս մեծ հայեցակարգային, գաղափարական ծրագիրն իրականացնենք»,-նշել է վարչապետը: