Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում իրականացրել են աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ վարքականոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, մասնավորապես՝ խոտածածկ տարածքներում հրդեհային կանոնների պահպանման, երկրաշարժի, ինչպես նաև օդային տագնապի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ։
ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Նվեր Մարգարյանի խոսքով՝ «Երևան քաղաքի բոլոր վարչական շրջաններում իրազեկման աշխատանքները կրում են մշտական բնույթ։ Ներկայումս իրականացնում ենք Ավան վարչական շրջանում, ինչպես նաև Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջանը, Քանաքեռ Զեյթուն, Նորք Մարաշ վարչական շրջանը վերջացրել ենք․ ընթացքի մեջ են Ավան, Արաբկիր, Դավթաշեն, Աջափնյակ վարչական շրջանները»։
Իրազեկման աշխատանքներն իրականացվել են տարբեր ձևաչափերով, մասնավորապես՝ բակային հանդիպումներում, որոնց ժամանակ փրկարարական ծառայողները պատասխանել են քաղաքացիներին հուզող հարցերին։
Իրազեկման աշխատանքներ են իրականացվել նաև դպրոցներում, մանկապարտեզներում, ուսումնավարժանքների տեսքով։
Քաղաքացիներին բաժանվել են աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ վարքականոնների վերաբերյալ թռուցիկներ: