Կարևոր իրադարձություններ

Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունը. Բաքոյան

07 Սեպտեմբեր, 2024 15:23
Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունը. Բաքոյան

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը մարզային այցերի շրջանակում այս անգամ հյուրընկալվել են Արագածոտնի մարզի եզդիաբնակ Արեւուտ խոշորացված համայնքում, եղել Կանչ, Թլիկ եւ Հակո բնակավայրերում:

«Ազգային փոքրամասնությունները մշտապես ՀՀ կառավարության եւ խորհրդարանի ուշադրության կենտրոնում են: Արվում է հնարավորը, որ եզդիական համայնքը պահպանի ազգային ինքնությունն ու այդ համատեքստում հետաքրքրված ենք ձեր կարիքներով»,- համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուստամ Բաքոյանն ու եւս մեկ անգամ շեշտել, որ Կառավարությունը, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, վերահաստատել է վաղուց գոյություն ունեցող խնդիրներին փուլ առ փուլ լուծումներ տալու պատրաստակամությունը:

Համայնքների ներկայացուցիչները նախ գոհունակություն են հայտնել տասնամյակներ շարունակ ավերված Թաթուլ-Կանչ-Հակո ճանապարհի 12,1 կմ-անոց հատվածի նորոգման աշխատանքները սկսելու համար, այնուհետեւ մատնանշել հաջորդող ամենաառանցքային խնդիրները: Դրանք են՝ ներգյուղական ճանապարհների վատ վիճակը, մանկապարտեզի, ավագ դպրոցի, խմելու ջրի, գազաֆիկացման, բուժհաստատության բացակայությունն ու գործազրկությունը:

Հաջորդիվ խորհրդարանականներն այցելել են Արեւուտի հիմնական դպրոց, ծանոթացել շենքային պայմաններին, զրուցել դպրոցականների հետ: Այնուհետեւ Ազգային ժողովի պատգամավորներին ներկայացվել է Թլիկ բնակավայրում կառուցվող ջրամբարը, որը միտված է լուծելու տեղի բնակիչների՝ ջուր չունենալու խնդիրը:

Աշխատանքային հաջորդ օրը հանձնաժողովի անդամներն այցելել են նաեւ Արարատի մարզ, տեղում ծանոթացել ջերմոցային եւ ֆերմերային տնտեսություններին, լսել գյուղատնտեսներին հուզող խնդիրներն ու հաստատել ինտենսիվ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու այն զարգացնելու անհրաժեշտությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին