Կարևոր իրադարձություններ

Անահիտ Մանասյանը մասնակցել է «Աբովյան» ՔՀ-ում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը (լուսանկարներ)

11 Սեպտեմբեր, 2024 20:24
Անահիտ Մանասյանը մասնակցել է «Աբովյան» ՔՀ-ում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը (լուսանկարներ)

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 11-ին մասնակցել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը:

Կատարված աշխատանքների արդյունքում վերանորոգվել են ազատազրկված կանանց մասնաշենքը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ՝ հագեցած համապատասխան ժամանակակից գույքով ու սարքավորումներով: 

Արարողությանը ներկա են եղել ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ Ամբակում Գրիգորյանն ու ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը:

Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ ազատությունից զրկված անձանց իրավունքների հետ կապված հարցերը գտնվում են իր ուշադրության կենտրոնում: 

«Կարևոր է երաշխավորել ազատությունից զրկված անձանց բոլոր իրավունքները, այդ թվում՝ երաշխավորելով նրանց համար հասանելի տարբեր ծառայությունների և նրանց միջավայրի պատշաճ մակարդակը միջազգային չափանիշներին համապատասխան: Այդ հանգամանքների չերաշխավորումը շատ հաճախ հանգեցնում է տարբեր խնդիրների՝ թե արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դիտանկյունից, թե կարող է հանգեցնել իրավունքի տարբեր այլ խախտումների, օրինակ՝ կրթության, կանանց իրավունքների, հղիների ու մինչև 3 տարեկան երեխաների խնամող կանանց իրավունքների հետ կապված հարցերի։ Այդ խնդիրները մենք ոչ միայն արձանագրել ենք, այլև տարբեր ձևաչափերով անընդհատ ենք դրանց մասին բարձրաձայնում»,-ասել է Պաշտպանը:

Բացման արարողությունից հետո ներկաները շրջայց են կատարել քրեակատարողական  հիմնարկի վերանորոգված մասնաշենքերում՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին