Կարևոր իրադարձություններ

Քննարկվել են անվտանգության մարտահրավերները

12 Սեպտեմբեր, 2024 20:02
Քննարկվել են անվտանգության մարտահրավերները

ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-11-ը կայացած «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում տեղի է ունեցել «Ժամանակակից դարաշրջանում փոքր և միջին պետությունների համար անվտանգության նոր մարտահրավերներ» խորագրով փակ քննարկումը:

Որպես հատուկ հյուր ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին հետախուզական ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը: Բանախոսներն էին Ջորջ Մարշալլ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բարր Ռ. Սեգինը (ԱՄՆ ռազմաօդային ուժերի պաշտոնաթող գեներալ-մայոր), Մերձավոր Արևելքի և Հարավային Ասիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի պրոֆեսոր Դեյվիդ Դե Ռոշը (ԱՄՆ), Լոնդոնի Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի ինստիտուտի (SOAS) տնօրեն և SOAS համալսարանի քաղաքականության և միջազգային հետազոտությունների ամբիոնի պրոֆեսոր Լինա Խատիբը, Հայաստանի կիրառական քաղաքականության հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Լեոնիդ Ներսիսյանը։

Քննարկվել են անվտանգության բազմատեսակ մարտահրավերները, որոնց բախվում են փոքր և միջին պետությունները ավելի ու ավելի բարդացող գլոբալ լանդշաֆտում, մասնավորապես՝ համաշխարհային խոշոր տերությունների մրցակցության, կլիմայի փոփոխության և օրեցօր զարգացող տեխնոլոգիաների ազդեցության պայմաններում: Մասնակիցները կարծիքներ են փոխանակել դիմակայունության բարձրացման, ամուր գործընկերային հարաբերությունների կառուցման, ներքին կայունության ու արտաքին ճնշումների միջև հավասարակշռության ձեռքբերման վերաբերյալ:

 Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային համագործակցության դերի գնահատմանը փոքր ու միջին պետությունների անվտանգության ամրապնդման գործում, անվտանգության ներքին և արտաքին սպառնալիքների կառավարման բարդություններին, ասիմետրիկ սպառնալիքների հակազդմանը՝ ոչ պետական դերակատարների, ահաբեկչության և կիբեռհարձակումների հետևանքով առաջացած մարտահրավերներին:

 

Լրահոս

Դիտել ավելին