28 օրվա մեջ 125 միլիոն դիտում։ 100 միլիոն իմ ամուսնու՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, 25 միլիոն իմ սոցիալական էջերում։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը:
«Մոտ 3 միլիոն բնակչություն ունեցող երկրի պարագայում 125 միլիոնը, մեղմ ասած, մտածելու նյութ է տալիս։ Ենթադրում եմ, կան հատուկ մասնագետներ, որոնց աշխատանքն է նման ստատիստիկաների վերլուծությունը։ Եւ հուսով եմ, նրանք մեզ հետ կկիսեն իրենց եզրակացությունները։
Մինչ այդ, սակայն, իմ աչքով ընկել են ոչ մասնագիտական կարծիքներ, որոնք հիմնականում այն մասին են, որ մենք ընտանեկան\«սկանդալային» տեսանյութեր ենք հրապարակում, եւ դիտումների այս մեծ թիվը սրանով է պայմանավորված։ Մինչդեռ, պետք է հիշենք, որ մեր մասին տարատեսակ սկանդալային նյութեր հրապարակում են նաեւ բազմաթիվ այլ հարթակներ, թերեւս հույսով, որ միլիոններով դիտումներ կապահովեն, բայց ապարդյուն։
Իսկ գուցե այս ցուցանիշը ավելի՞ն է, քան պարզապես անձերի՝ թեկուզ երկրի առաջին դեմքի եւ նրա կնոջ հանդեպ հետաքրքրությունը։
Գուցե սա գաղափարների՞ն ուղղված հետաքրքրություն է նշանակում։ Կարծում եմ՝ մեր փոքրիկ եւ հպարտ երկրում այս վարկածն ավելի մոտ է իրականությանը: Այնպես որ, ինչպես հայրիկս կասեր, «եկեք ծուռը նստենք, ճիշտը խոսենք» եւ ուրախությամբ արձանագրենք, որ սա նշանակում է շատ կոնկրետ գաղափարների հաղթանակ շատ կոնկրետ երեւույթների նկատմամբ։
Օրինակ՝
Իրական Հայաստանի գաղափարի հաղթանակը մտքի մորմոքի, անիրականի, ցանկալիի նկատմամբ
Հարստացիր եւ հարստացրու գաղափարի հաղթանակը անհույս աղքատության նկատմամբ
Այստեղ պետություն՝ այստեղ հաց, այստեղ հայրենիք՝ այստեղ կաց գաղափարի հաղթանակը արտագաղթի նկատմամբ
Առրօյա կյանքում հերոսանալու գաղափարի հաղթանակը ռազմի դաշտում ուրիշներին հերոսացնելու նկատմամբ
Պետության համար հպարտորեն արարելու, բարիք ստեղծելու գաղափարի հաղթանակը հայրենիքի համար անվերջ մաքառելու, ինքնազոհաբար թշվառություններ կրելու նկատմամբ
Կրթվելը նորաձեւ է գաղափարի հաղթանակը տգիտության նկատմամբ
Անկեղծության հաղթանակըկեղծիքի նկատմամբ
Բարության հաղթանակըչարության նկատմամբ
Սիրո հաղթանակը ատելության նկատմամբ
Բարեկրթության հաղթանակը ներքին սահմանների բացակայության նկատմամբ
Համբերության հաղթանակը շտապողականության նկատմամբ
Հարկ վճարող քաղաքացու հաղթանակը իրեն ծաղրողների կատմամբ
Երջանկության հաղթանակը պերմանենտ դժբախտության նկատմամբ
Կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ
Լույսի հաղթանակը խավարի նկատմամբ
Ավանդական արժեքների հաղթանակը պիղծ «արժեքների» նկատմամբ
Հայկական բարքերի հաղթանակը օտարածին բարքերի նկատմամբ
Ռաբիզի (պարզի, հասանելիի, հասկանալիի) հաղթանակը կեղծ էլիտայի նկատմամբ
Հասարակի հաղթանակը քաղքենիի նկատմամբ
Եւ վերջապես՝
Ուժեղ եւ հարատեւ պետություն ունենալու գաղափարի հաղթանակը դրա դեմ դուրս եկողների նկատմամբ
Ես վստահ եմ այս վարկածի ճշմարտացիության մեջ։ Եւ ուզում իմ բոլոր հայրենակիցներին կոչ անել այս հաղթանակների մասնիկը դառնալ, անձամբ կերտել եւ կրել դրանք։
Եւ ուզում եմ հենց այս գրառմամբ էլ շնորհավորել բոլորիս Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթել մեզ ավելի շատ իմաստություն, աշխատասիրություն, գիտելիք եւ սեր՝ մեզ եւ մեր միջավայրը ավելի լավը դարձնելու համար, խաղաղություն ունենալու եւ ուժեղ, հարատեւ ՀայաստանիՀանրապետություն կառուցելու համար»,-նշել է նա: