Ադրբեջանի արտգործնախարարություն էր հրավիրվել Բաքվում Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սայեդ Ջաֆարի Աղայե Մարյանը, որին բողոքի պաշտոնական նոտա էր ներկայացվել։
Ինչպես փոխանցում է IRNA-ն, Թեհրանը հաստատել է տեղեկությունը:
Ադրբեջանի դիվանագիտական բողոքի պատճառն իրանցի ազդեցիկ հոգևորականներից մեկի՝ Արդեբիլում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլա Ամելիի՝ պետական հեռուստատեսության եթերում արված հայտարարություններն էին, որոնք Բաքվում «վիրավորական և սադրիչ էին որակել»։
«Իրանի քաղաքականությունն ուղղված է հարևան պետությունների՝ հատկապես Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացմանը։ Ադրբեջանի ԱԳՆ բողոքը կապված էր երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող քաղաքներից մեկում մեկ անհատի հնչեցրած անպատեհ և չմտածված հայտարարությունների հետ»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության Եվրասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոջտաբա Դեմիրչիլին։