Կարևոր իրադարձություններ

Կարևորում ենք Հայաստանի հետ գործակցության խորացումը. Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալ

12 Սեպտեմբեր, 2024 18:09
Կարևորում ենք Հայաստանի հետ գործակցության խորացումը. Սերբիայի խորհրդարանի նախագահի տեղակալ

Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Սերբիայի Ազգային ժողովի փոխնախագահ Էդին Դերլեքի գլխավորած պատվիրակության հետ սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: 
  
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը, ինչպես նաեւ Սերբիայի Սկուպշչինայի պատգամավոր, Միջխորհրդարանական միությունում Սերբիայի Հանրապետության մշտական պատվիրակության անդամ Իվանա Ստամատովիչը եւ ՀՀ-ում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը:

Ողջունելով հյուրերին՝ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան ունեն պատմական կապեր, իսկ ժողովուրդները՝ ջերմ բարեկամական հարաբերություններ:

Կարեւորելով Սերբիայի հետ համագործակցության շարունակական եւ արդյունավետ զարգացումը՝ ԱԺ փոխնախագահը համոզմունք է հայտնել, որ մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, զբոսաշրջության փոխգործակցությունն ավելի խորացնելու մեծ ներուժ կա: Այս համատեքստում կողմերը կարեւորել են երկու երկրների միջեւ ուղիղ չվերթների իրականացման անհրաժեշտությունը՝ հատկապես հաշվի առնելով Սերբիայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունենալու հանգամանքը: 
  
«Ուրախ ենք, որ Հայաստանում ենք եւ մասնակցում ենք համաժողովի աշխատանքներին: Կարեւորում ենք Սերբիա-Հայաստան միջխորհրդարանական գործակցության խորացումը: Այս հարցում նշանակալի է բարեկամական խմբերի արդյունավետ աշխատանքը»,- ընդգծել է Էդին Դերլեքը: Նա եւս խոսել է մի շարք բնագավառներում առկա ներուժի օգտագործման հնարավորությունների մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակում երկկողմ համագործակցության կարեւորությանը:

Հակոբ Արշակյանը հույս է հայտնել, որ առաջիկա օրերին պատվիրակության անդամներն արդյունավետ հանդիպումներ եւ քննարկումներ կունենան:

 
 

Լրահոս

Դիտել ավելին