Կարևոր իրադարձություններ

«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են, երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել. «Ժողովուրդ»

14 Օգոստոս, 2024 08:00
«Աղբյուր» ճամբարի գործունեությունից դժգոհ են, երեխաների նկատմամբ ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Աղբյուր» ճամբարի գոծունեությունից դժգոհ են այնտեղ իրենց ժամանցն անցկացրած սաները: Նրանց ծնողներն անգամ դիմել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին՝ վատ վերաբերմունքի համար:

«Ժողովուրդ» օրաթերթը ճամբարի սաների ծնողներից տեղեկություններ ստացավ առ այն, որ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում գտնվող ««Աղբյուր» ճամբար և հանգստյան տուն» կազմակերպությունում ճամբար հաճախած երեխաների նկատմամբ աշխատակիցները ոչ պատշաճ վարքագիծ են դրսևորել, հոգեբանական ճնշումների, բուլինգի են ենթարկել, մասնավորապես` քնի ժամանակ մտնելով սենյակներ` հարվածել են անկողիններին՝ վախեցնելով երեխաներին։ Ու բանը այնտեղ է հասել, որ մի քանի տասնյակ երեխաներ զանգահարել են ծնողներին ու խնդրել, որ տուն տանեն իրենց:

Հիշեցնենք, որ խոսքը նույն այն ճամբարի մասին է, որի առնչությամբ 2023 թվականի հուլիսի 20-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տարածել էր տեղեկություն, ըստ որի` ճամբարի խոհանոցի աշխատանքը կասեցվել էր, քանի որ սանհանգույցի դուռը բացվել էր անմիջապես սննդամթերքի մշակման սենյակների մեջ։

Քաղաքացիների ահազանգերի հետքերով «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել «Աղբյուր» ճամբարի աշխատակիցների հետ, որտեղից էլ մեզ արձագանքեց ադմինիստրացիայի աշխատակիցներից մեկը։

«Մեր ճամբարը վաղուց փակ է արդեն, ամսի 8-ից չի գործում։ Ճիշտն ասած` չունենք նման ինֆորմացիա, որ երեխաներին լավ չեն վերաբերվում:
Բողոքներ չենք ստացել։ Կարող եք բացել «Աղբյուր» ճամբարի կայքը և նայել շնորհակալության տեքստերը ծնողների կողմից։

Դուք պետք է գայիք ճամբարի աշխատելու ժամանակ, տեսնեիք դիմումների ցուցակը, տեսնեիք` քանի երեխա է բացակայում ճամբարից այդ ժամանակ»,- ներկայացրեց ադմինստրացիայի աշխատակից ներկայացած անձը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին