Հայաստանյան աշունը սկսում ենք բուռն քննարկումներով: Առիթը «Արմենիա TV»-ով հեռարձակվող նոր հայկական հեռուստասերիալն է:
«Կույր աշխարհ»-ը սերիալների սցենարիստ Դիանա Գրիգորյանի հերթական աշխատանքն է, որը ծաղր ու վրդովմունք է առաջացրել հասարակության լայն շրջանակներում: Բուռն քննարկման առիթ են դարձել նորապսակ զույգի ամուսնական առաջին գիշերվա ընթացքում տեղի ունեցող իրադարձությունները։
Սերիալի հերոսուհին կույս չլինելու մասին սիրեցյալին պատմում է հենց հարսանիքի գիշերը, որին հաջորդում են բռնաբարության և բռնություն պարունակող երևույթներ:
Որոշ բլոգերներ, սոցիալական ցանցերի օգտատերեր ու տարբեր մասնագետներ իրենց մեկնաբանություններն են արել ու անում սերիալի սցենարիստի և այն հեռարձակող հեռուստաընկերության վերաբերյալ՝ նշելով, որ «ոչ մի տիպի չվերահսկվող թիվին մեզ ժամ առ ժամ իր սահմանափակ ու սեքսիստական, անգրագետ սերիալներով տանում է դեպի զզվելի, ատելությամբ լցված անառողջ Հայաստան»: Այս ամենը տանում է նաև սեռական կրթության վիճակի վատթարացման:
«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» ևս հայտարարություն է տարածել «Կույր աշխարհ» սերիալի վերաբերյալ՝ դատապարտելով դրանում ցուցադրվող բռնությունը և նշելով, որ շարունակվում է հղփացած, բիրտ ու բռնարար, անշնորհք բառապաշարով տղամարդկանց և որբ, դժբախտ, բամբասկոտ, անվերջ բռնության ենթարկվող կանանց կերպարային մոդելների վերարտադրությունը։
Հանրությունն ու մասնագետները կարծում են, որ այս ամենին իրավական գնահատական պետք է տրվի, ու այն պետք է վերահսկվի պետական մակարդակով՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի կողմից:
Սակայն այս կարծիքը չի կիսում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը` նշելով, որ դա հանձնաժողովի գործառույթներին բացարձակապես չի վերաբերում.
«Մտավորականներին դիմեք, թող նորմալ սերիալներ գրեն: Անճաշակ, հիմար բան է, որ առավոտից իրիկուն գնում է, գյուղերում էլ է նույն բանը կատարվում, մարդիկ դա ցույց են տալիս, ուղղակի ավելի գռեհիկ:
Մենք ինչ անենք էդտեղ, մենք կարգավորող մարմին ենք, էս երկրում ուրիշ դարդ էլ չկա, հա՞, փաստորեն, Արմենիայի 2 րոպեանոց հիմար դրվագն է: Սա ուրիշ ձևերով պետք է կարգավորել, սա լրջագույն խնդիր է, որի մասին ամաչում ենք խոսել, թույլ տեղ գտանք»:
Հանձնաժողովի նախագահի պնդմամբ` դա կարգավորումների մեջ չի մտնում ու Աստված չանի մտնի, եթե էդպիսի բաները սկսվի կարգավորվել, դա կկոչվի ամենակեղտոտ, փալիբանական ցենզուրա:
«Սա ուրիշ գործիքներով պետք է կարգավորվի, երկարատև պրոցես է, որի մեջ ամբողջ հասարակությունը պետք է մասնակցի, կարգավորողը որպես ինչ էստեղ լինի, չկա տենց բան ու չպետք է լինի: Մենք նորմալ Ժամանակակից ազգ ենք ուզում դառնալ, մի կողմից Ստարմուս ենք հյուրընկալում, մյուս կողմից` էդ հիմար քննարկումն է գնում»,-Shabat.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Հակոբյանը:
Դիտարկմանը` եթե դա հանձնաժողովի գործառույթների մեջ չի մտնում, ապա ինչու են բոլորը հղում անում Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ՀՌՀ նախագահն ասաց.
«Օրենք նայեք: Քաղաքական ու հասարակական գործիչները, պատգամավորները իրե՞նց մեղադրեն, բա ո՞ւմ պիտի մեղադրեն, մեկին պե՞տք է գտնեն: Ինչ է կարգավորող մարմին ենք, բոլոր սերիալները նախօրոք պահանջեք, ասենք` էս կտրի, էս մի կտրի, էստեղ բաց է տեսարանը… Մենք չկանք էս գործում, մենք Հայաստանի ապագային ենք նայում, ոչ թե հետ ենք գնում, հատկապես լիքը քաղաքական ուժեր ուզում են մեզ միջնադար հասցնեն»:
«Ամբողջ աշխարհում նման կարգավորում չկա, բացի մի քանի ծայրահեղական երկրներից: Մամուլն ազատ է, իսկ մամուլի ազատությունը մի էկոհամակարգ է, որը մեզ մոտ դեռ չեն հասկացել: Նորմալ երկրներում նման բան չկա եթերում, կարող է հայհոյանք կամ բաց տեսարան լինի, բայց էսպես գռեհիկ ձևով ու անիմաստ, չկա»-մեզ հետ զրույցը եզրափակեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահը:
Ըստ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ի` առկա են բազմաթիվ հետազոտություններ, համաձայն որոնց՝ մեդիայում և հատկապես հեռուստասերիալներում արտացոլված կանանց նկատմամբ խտրականությունն ու բռնությունն անմիջականորեն ազդում են հանրային կյանքի վրա։ Ներկայացվող հերոսները դառնում են վարքային մոդելներ և նպաստում բռնության օջախների բռնկմանը, մարդիկ համարում են, որ հենց դա՛ է իրականն ու ճշմարիտը։
հ.գ. Shabat.am-ը փորձեց կապ հաստատել «Արմենիա TV»-ի տնօրեն Դավիթ Բաբախանյանի և սերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ, սակայն հեռուստաընկերության տնօրենի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ պրոդյուսերի` «այս պահին չեմ կարողանա խոսել, մի 2-3 ժամից զանգեք»-ից հետո մեր զանգին պատասխանեց վերջինիս քարտուղարուհին` նշելով, որ տեղում չէ: Հարցին` երբ կարո՞ղ ենք իր հետ խոսել, ասաց, որ «այսօր չի լինելու»:
Նոննա Բարսեղյան