Կարևոր իրադարձություններ

ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ պատգամավորները և ԲՏԱՆ ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են ունեցել

28 Փետրվար, 2025 17:40
ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ պատգամավորները և ԲՏԱՆ ներկայացուցիչներն աշխատանքային քննարկում են ունեցել

Փետրվարի 28-ին Ազգային Ժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի, Պետական-իրավական հարցերի, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցության պատգամավորների և ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների միջև «Կիբեռանվտանգության մասին» օրենքի նախագծի և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծի, ինչպես նաև «Deep Fake»-երի կանխման և կանխարգելման վերաբերյալ։

Աշխատանքային քննարկումը նախագահել է ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Քննարկմանը մասնակցել են ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Ալխաս Ղազարյանը և Անուշ Քլոյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարար Գևորգ Մանթաշյանը, նախարարության ներկայացուցիչներ Արշակ Քերոբյանը, Արտյոմ Մեսրոպյանը, Տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանը, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, Ազգային անվտանգության ծառայության և անկախ փորձագետները։

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանն իր բացման խոսքում ներկայացրել է հանդիպման բուն նպատակը՝ ներկայացնելով «Կիբեռանվտանգության մասին» և «Հանրային տեղեկությունների մասին» օրենքի նախագծերը։ Խոսելով օրենսդարական նախագծերի կարևորության մասին՝ նախարարը թվային և իրավական տեսանկյունից ներկայացրել է նախագծերի բուն պատկերը, կիբեռանվտանգության կենտրոնի կառուցվածքը, երկրում առկա ոլորտային խնդիրները, առկա ու հնարավոր ռիսկերը և խնդիրների լուծման հիմնական մեխանիզմները։

Մասնակիցների միջև տեղի է ունեցել բովանդակային քննարկում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին