Կարևոր իրադարձություններ

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացություններն ավարտական փուլում են

27 Փետրվար, 2025 08:00
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացություններն ավարտական փուլում են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ավարտական փուլին է հասել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունների հարցում։

Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն են՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով քննիչ Արտաշես Մաիլյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը, որը Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է և ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք աղմկահարույց գործերով։

Նկատենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի պահանջված միավորները:

Նշենք, որ մինչև Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը, Կոմիտեի նախագահի թեկնածուն պետք է նախ մրցութային հանձնաժողովում հավաքի անցողիկ միավորներ, ապա դրանից հետո վարչապետը նրան կնշանակի նախագահ:

Նախ թեկնածուների փաստաթղթերն են ուսումնասիրվում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, եւ դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին, որից հետո բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկն էլ ընտրվում է նախագահ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին