Փետրվարի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11։35-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցում ծեծկռտուք է:
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 11։00-ի սահմաններում նշված դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Երևանի բնակիչ 27-ամյա Համլետ Մ․-ն դիտողություն է արել նշված դպրոցի աշակերտներ 14-ամյա Է․ Հ․-ին, 14-ամյա Մ․ Մ․-ին, 14-ամյա Ն․ Տ․-ին և 13-ամյա Ա․ Բ․-ին, ինչի արդյունքում առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում վերջիններս բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորելելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտել են դպրոցի բնականոն աշխատանքը, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Համլետ Մ․-ն խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ աշակերտները ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին: