Կարևորելով մեր երկրում արյան դոնորության մշակույթի ձևավորումը՝ պետական կառավարման ոլորտի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու արյան դոնորության հետ կապված խնդիրները։
«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- նշել է Անահիտ Ավանեսյանն ընդգծելով, որ կյանք պարգևող այս քայլը չպետք է անենք միայն աղետի, պատերազմի օրերին, արյան կարիք կա ամեն օր։
Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ցանկություն կունենան արյուն հանձնել, շարժական կայանը կարող է մոտենալ և տեղում կազմակերել արյունատվությունը՝ խնայելով դոնորի ժամանակը։
Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, արյան դոնորության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների քննարկման, ինչպես նաև իրազեկվածության բարձրացման և հասարակության ներգրավվածության խթանման գործում։
Միջոցառումը նաև հնարավորություն էր` գտնելու նոր դոնորներ, որոնք պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն նվիրաբերել։