Հունաստանի խորհրդարանը երկրի նախագահ է ընտրել վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի առաջադրած թեկնածուին՝ խորհրդարանի նախկին նախագահ Կոստաս (Կոնստանտինոս) Տասուլասին։
Այս մասին են վկայում երկրի գլխավոր օրենսդիր մարմնում կայացած քվեարկության չորրորդ փուլի արդյունքները։
Քվեարկությունն իրականացվել է առանց թեկնածուների քննարկման։ Խորհրդարանականները կարող էին քվեարկել միայն կոնկրետ թեկնածուի օգտին կամ ձեռնպահ մնալ: Պետության ղեկավարի ցանկացած թեկնածուի դեմ քվեարկել չի թույլատրվում։
Պետության ներկայիս ղեկավար Կատերինա Սակելարոպուլուի պաշտոնավարման հնգամյա ժամկետը լրանում է մարտի 13-ին։ Հունաստանում նախագահի պաշտոնը հիմնականում արարողակարգային է։
Քվեարկությունից հետո խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսը Տասուլասին է ներկայացրել քվեարկության արդյունքները։ Նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա մարտի 13-ին։