Փորձագետները նկարիչ Պաբլո Պիկասոյի կտավներից մեկի տակ հայտնաբերել են կնոջ դիմանկար. խոսքն այն կտավի մասին է, որում պատկերված է քանդակագործ Մատեո Ֆերնանդես դե Սոտոն։
Պիկասոն այն նկարել է 1903 թվականին՝ նոր պատկերը ստեղծելով հին ստեղծագործության վրա։ Լոնդոնի Կուրատոլդի արվեստի ինստիտուտի մասնագետներն ինֆրակարմիր և ռենտգենյան ճառագայթների միջոցով վերստեղծել են թաքնված պատկերը, հայտնում է CNN-ը։
Արվեստի պատմաբանները դեռ չգիտեն, թե ով է այս կինը, սակայն նշում են, որ դիմանկարը կարող էր նկարված լինել Փարիզում 1901 թվականին. այս ենթադրության համար հիմք է ծառայում կնոջ շինյոն սանրվածքը, որն այն ժամանակ նորաձև էր Ֆրանսիայի մայրաքաղաքում։
Ռենտգենյան ճառագայթները ցույց են տալիս, որ Պիկասոն երեք կամ չորս անգամ վերափոխել է այս կտավը, մասամբ այն պատճառով, որ նա չէր կարող իրեն թույլ տալ նոր նյութեր գնել, բայց նաև այն պատճառով, որ «նրան հաճույք էր պատճառում մի պատկերը մյուսի վերածելու գործընթացը»։