ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է ԵԽ Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների կիրարկման դեպարտամենտի ղեկավար Լիլյա Գրետարսդոտիր գլխավորած պատվիրակությանը:
Աննա Կարապետյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ-ին՝ Հայաստանում եվրոպական արժեքների, չափանիշների և ընթացակարգերի ներդնման, անկախ դատական համակարգի կայացման, իրավական և հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ կառուցակարգերի հիմնադրման և ամրապնդման բարեփոխումային օրակարգին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Երկուստեք բարձր է գնահատվել ՀՀ-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացման (ֆինանսավորման) մակարդակը, և դրա շրջանակում ԱՆ բարեփոխումային օրակարգի գրեթե ողջ սպեկտրի ուղղությամբ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ մարդու իրավունքների, դատաիրավական, հակակոռուպցիոն և այլ ոլորտներում։
Հանդիպմանն ըմդգծվել է Վենետիկի հանձնաժողովի և ԵԽ մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ ձևավորված կայուն փոխգործակցությունը:
Անդրադարձ է եղել դատական օրենսգրքի, քրեական օրենսդրության, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում մշակված օրենսդրական նախաձեռնությունների շրջանակում 2024թ. ընթացքում տրամադրված և ընթացքի մեջ գտնվող օրենքի նախագծերի փաթեթի վերաբերյալ փորձագիտական կարծիքներին:
Հյուրերի խնդրանքով նախարարի տեղակալը վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմներին առնչվող որոշ մանրամասներ է փոխանցել՝ համոզմունք հայտնելով, որ ԵԽ անդամ երկրների արբիտրների ներգրավումն այս տարի աշնանն անցկացվելիք հերթական «Արբիտրաժային շաբաթ»-ի աշխատանքներին նոր լիցք կհաղորդի այս ինստիտուտի զարգացմանը:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՄԻԵԴ վճիռներն ուսումնասիրող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքին:
Հանդիպման ավարտին Աննա Կարապետյանը ԵԽ գործընկերներին է փոխանցել նախարարության առաջնահերթությունները ներկայացնող փաստաթուղթ՝ հետագա համագործակցության առարկայական օրակարգեր մշակելու պայմանավորվածությամբ: