Կարևոր իրադարձություններ

Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվում են՝ հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով (լուսանկարներ)

10 Փետրվար, 2025 18:12
Ֆիզկուլտուրայի ուսուցիչները վերապատրաստվում են՝ հեծանիվների շահագործման և պահպանության նպատակով (լուսանկարներ)
 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի հետ համատեղ Երևանի և մարզերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար իրականացնում է վերապատրաստումներ՝ դպրոցներին տրամադրված հեծանիվների շահագործման, պահպանության և տեխնիկական աջակցության նպատակով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում այսօր հետևել է Կոտայքի մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների վերապատրաստմանը՝ արդյունավետ դասընթաց մաղթելով նրանց:

«Հեծանիվների տեխնիկական օգտագործման տեսանկյունից վերապատրաստումն անհրաժեշտ է, որպեսզի դպրոցներին տրամադրված հեծանիվները հնարավորինս երկար ու արդյունավետ շահագործվեն: Հեծանիվների ծրագիրը նաև խթան է, որպեսզի բնակավայրերում հեծանվուղիների ապահովման և զարգացման աշխատանքներ իրականացվեն: Ուրախ կլինենք, եթե խոշորացված համայնքի դպրոցների շրջանում որևէ մրցաշար կազմակերպելու նախաձեռնողականություն լինի, որը, անկասկած, կնպաստի, որպեսզի հեծանիվ վարելը երեխաների շրջանում դառնա ապրելակերպ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել է, որ դպրոցներում հեծանվային սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի գաղափարների տարածման և ֆիզիկական դաստիարակության խրախուսման, ինչպես նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի դասավանդման որակը բարձրացնելու նպատակով ՀՀ մարզերի և Երևան քաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններին ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվել է ավելի քան 6500 հեծանիվ:

Նախարարը վստահություն է հայտնել՝  դպրոցներին հեծանիվների տրամադրման ծրագրի շնորհիվ աշակերտներն ավելի լավ կնախապատրաստվեն  «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի մրցաշարին, որը 2024 թվականից իրականացվում է միայն դպրոցականների համար:

Այս համատեքստում Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մրցաշարի կազմակերպչական աշխատանքների շրջանակում առաջիկայում նախատեսվում է հաստատել  մարզային փուլերի հեծանվուղիները:

«Նպատակն առաջին հերթին երեխաների շրջանում առողջ ապրելակերպի տարածումն ու քարոզչությունն է, ուստի կարևոր է այս գործընթացին սրտացավ վերաբերվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Անդրադառնալով երեխաների հետ հեծանվային պարապմունքների անցկացմանը՝ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ դրանք հնարավոր է կազմակերպել ֆիզկուլտուրայի խմբակների ընթացքում: Միաժամանակ, ըստ նախարարի` նախատեսվում է նաև «Ֆիզկուլտուրա» առարկայի չափորոշչի և կրթական ծրագրերի վերանայում՝ 

հեծանիվ վարելու ուսուցումը կրթական հիմնական ծրագրում ներառելու նպատակով: 

Վերապատրաստումների ընթացքում Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիայի գլխավոր մրցավար Գրիգոր Համբարձումյանն ու  վերապատրաստում իրականացնող մասնագետները ներկայացրել են հեծանիվների տեխնիկական շահագործմանն ու պահպանությանը վերաբերող տեխնիկական պահանջները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և  վարձատրության բարելավմանը վերաբերող հարցեր:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև 2025 թվականին ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվելիք «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերին՝ դպրոցականների շրջանում բասկետբոլի մասսայականացման, առողջ ապրելակերպի քարոզման և տաղանդավոր ու հեռանկարային մարզիկների հայտնաբերման նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին