Կարևոր իրադարձություններ

Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ ձևավորված բարեկամությունը. Մհեր Գրիգորյան

10 Փետրվար, 2025 21:56
Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հետ ձևավորված բարեկամությունը. Մհեր Գրիգորյան

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Իրանի Իսլամական Հանրապետության ազգային տոնի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական ուղերձով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից շնորհավորել է Իրանի ազգային տոնի կապակցությամբ և մաղթել հարատև խաղաղություն և բարօրություն: Փոխվարչապետը վերահաստատել է, որ Հայաստանը բարձր է գնահատում և հոգատարությամբ է վերաբերվում երկու երկրների միջև ձևավորված բարեկամությանը և ապագայում ևս ջանքեր չի խնայելու այն ամրապնդելու ուղղությամբ:

«Ավելի քան 30 տարի համատեղ ջանքեր են գործադրվում Հայաստանի և Իրանի ժողովուրդների հազարամյակների հարաբերությունների վրա հիմնված միջպետական համագործակցության ամրապնդման և զարգացման ուղղությամբ: Այդ հարաբերությունների հիմքում փոխվստահությունն է և միմյանց դիրքորոշումների հանդեպ ունեցած լիակատար հարգանքն ու փոխըմբռնումը»,-նշել է փոխվարչապետը՝ ընդգծելով, որ այսօր Իրանի հետ Հայաստանն ունի բազմոլորտ համագործակցություն, որը մտադիր է հետևողականորեն ընդլայնել:

Փոխվարչապետը շեշտել է տնտեսական համագործակցության նշանակությունը, որն ակնառու ձեռքբերումներ է արձանագրել հատկապես վերջին տարիներին:

Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ երկու երկրների շարունակական փոխգործակցությունը առաջնահերթ կարևորություն ունի և էական գործոն է տարածաշրջանային անվտանգության, կայունության և բնականոն զարգացման համար:

«Այս համատեքստում կրկին պետք է ընդգծեմ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բարձր է գնահատում Իրանի հստակ, սկզբունքային և հրապարակային դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը լիարժեք ու առանց որևէ վերապահման հարգելու անհրաժեշտության վերաբերյալ»,- նշել է փոխվարչապետը:

 

Լրահոս

Դիտել ավելին