Կարևոր իրադարձություններ

Քննչական կոմիտեի նախագահն արձանագրել է կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին

10 Փետրվար, 2025 19:13
Քննչական կոմիտեի նախագահն արձանագրել է կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր Երևան քաղաքի քննչական վարչությունում տեղի է ունեցել Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա քննչական ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն:

Խորհրդակցության ընթացքում հիմնական զեկուցմամբ հանդես է եկել Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը, ինչպես նաև զեկույցներով են հանդես եկել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Շառոյանը և հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Սահակյանը: Ռաֆայել Վարդանյանը ներկայացրել է 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կատարած աշխատանքը, ինչպես նաև քննվող քրեական վարույթների շարժընթացի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն:

Մասնավորապես՝ 2024 թվականի ընթացքում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից քննվել է 102.602 քրեական վարույթ, որից 74.005-ը փոխանցվել են 2023 թվականից, իսկ 2024 թվականին ընդունվել է 28.597 վարույթ:

Կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ընդհանուր 90.039 վարույթի զանգվածում Երևան քաղաքի քննչական վարչության և տարածքային ստորաբաժանումների վարույթները կազմել են 41.9 տոկոս: Նախորդ տարվա 32.530 քրեական վարույթի դիմաց՝ հաշվետու ժամանակաշրջանում Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում արձանագրվել է վարույթների աճ՝ 5286 վարույթով կամ 16.2 տոկոսով:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումներում 2024 թվականին ստացվել է 30.653 հաղորդում, որից 24.042-ով քրեական վարույթ է նախաձեռնվել, իսկ 6611-ով՝ չի նախաձեռնվել, մինչդեռ՝ 2023 թվականին ստացված 27.614 հաղորդումներից 22.263 վարույթ է նախաձեռնվել, այսինքն՝ նախաձեռնվել է 1779-ով ավելի վարույթ: Ընդհանուր վարույթի աճին զուգընթաց աճել է նաև քննիչների միջին ծանրաբեռնվածությունը: Նվազում է արձանագրվել միայն 5 ստորաբաժանումում: Առավել աճ արձանագրվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների երկրորդ քննչական բաժնում:

Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների կողմից 2024 թվականի ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պատճառվել է ընդհանուր 3 մլրդ 893 մլն 722 հզր ՀՀ դրամի գույքային վնաս, որից վերականգնվել է 840 մլն 582 հզր ՀՀ դրամը կամ 21.5 տոկոսը:

Խորհրդակցության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի կողմից տրվել են հանձնարարություններ տևական ժամանակ քննվող քրեական վարույթներով նախաքննությունն ակտիվացնելու և դրանց ընթացքը լուծելու ուղղությամբ, որոնց համար սահմանվել են հստակ ժամկետներ, ինչպես նաև վեր են հանվել առանձին ստորաբաժանումներում արձանագրված խնդիրները, բացթողումները և նախանշվել են դրանք լուծելու հետագա ուղղությունները:

Արթուր Պողոսյանը խորհրդակցության արդյունքներով արձանագրել է նաև կադրային փոփոխությունների անհրաժեշտության մասին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին