«Գործող կարգավորումների համաձայն՝ շահութահարկ վճարողի հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամուտից նվազեցվում են անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար պահուստին կատարվող մասհանումները:
Միևնույն ժամանակ 100 հազար դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի՝ դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:
Ըստ այդմ՝ առաջարկվում է բարձրացնել 100 հազար դրամի շեմը՝ սահմանելով 300 հազար դրամ»,- «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ 2022 թվականին ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից վարույթ է ընդունվել 172 հազար 476 քաղաքացիական գործ, որից 159 հազար 683-ը կամ 93 տոկոսը գումարի պահանջով է եղել, և դրանց մի էական մասն էլ հենց այսպիսի դատական հայցերն են եղել»,- ասել է նախարարը:
Ըստ նախարարի՝ խոշոր տնտեսվարողները հաճախ չեն կատարում այդ նվազեցումը և վճարում են ավելացված մասի շահութահարկը, որովհետև դատարան դիմել և դատարանից 100 հազարը գերազանցող մասի համար գումարը ստանալը շատ ավելի թանկ է արժենում ու երկար է տևում, քան հարկերը: Մյուս կողմից էլ՝ փոքր տնտեսվարողները ստիպված են լինում փոքր դեպքերի համար մեծ գումարներ ծախսել, օրինակ՝ փաստաբան վարձելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում։