Հրապարակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) «ամենաանհեթեթ» ծախսերի ցանկը, որն այժմ վերակազմավորման փուլում է։
Սպիտակ տան հայտարարության մեջ, որի տեքստը մեջբերել են լրատվամիջոցները, նշվում է, որ տասնամյակներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ-ն հարկ չի համարել հարկատուներին զեկուցել իր ծախսերի մասին։
«Միևնույն ժամանակ, այն հսկայական գումարներ է փոխանցել կոշտ բյուրոկրատների ծիծաղելի, երբեմն՝ չարամիտ նախագծերին՝ գործնականում առանց վերահսկողության»,- ասվում է զեկույցում:
Օրինակ՝ հարյուր հազարավոր դոլարներ են տրվել մի շահույթ չհետապնդող կազմակերպության, որը կապված է ահաբեկչական ճանաչված այլ անձանց հետ։ Միջոցների մի մասը ծախսվել է սիրիացի զինյալների պարենային օգնության վրա, որոնք անմիջական կապեր են ունեցել «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։
ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նաև դժգոհ է օտար երկրներում տրանսգենդերների իրավունքներին առնչվող նախագծերին աջակցելու համար միջոցների հատկացումից։ Այսպես, Կոլումբիայում որոշակի «տրանսգենդերային օպերայի» վրա ծախսվել է 47 հազար դոլար, իսկ Պերուում «տրանսգենդեր կոմիքսների» վրա՝ 32 հազար դոլար։
Բացի այդ, Սպիտակ տան հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ հարկատուների գրպաններից հարյուրավոր միլիոն դոլարներ ծախսվել են Աֆղանստանում ոռոգման ջրանցքներ ստեղծելու և պարարտանյութեր գնելու վրա, և այժմ այդ ամենը օգտագործվում է հերոինի արտադրության մեջ։