Կանադան հետևել է Մեքսիկային՝ ԱՄՆ-ի հետ համաձայնության գալով նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերը կասեցնելու հարցում:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն բանակցություններ է վարել Թրամփի հետ։ Կողմերը պայմանավորվել են առնվազն 30 օրով կասեցնել 25 տոկոս մաքսատուրքերի ներդրումը։
«Ես հենց նոր լավ խոսեցի նախագահ Թրամփի հետ: Կանադան իրականացնում է մեր 1,3 միլիարդ դոլար արժողությամբ սահմանային ծրագիրը՝ ամրապնդել սահմանը նոր ուղղաթիռներով, տեխնոլոգիաներով և անձնակազմով, բարելավել համակարգումը մեր ամերիկացի գործընկերների հետ և ավելացնել ռեսուրսները՝ դադարեցնելու ֆենթանիլ թմրամիջոցի հոսքը: Գրեթե 10 հազար մարդ աշխատում է առաջնագծում և կշարունակի աշխատել սահմանների պաշտպանության համար», -գրել է Թրյուդոն «X»-ում:
Թրամփը նշել է, որ գոհ է Կանադայի հետ բանակցությունների արդյունքներից և հաստատել է մաքսատուրքերի կասեցումը։ Հայտարարությունն արվել է նրա հրամանագրի ուժի մեջ մտնելուց մի քանի ժամ առաջ։
Ավելի վաղ Թրամփը մեկ ամսով հետաձգել էր Մեքսիկայից ապրանքների համար իր սահմանած մաքսատուրքերը։ Այս որոշումը նա կայացրել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շայնբաումի հետ «շատ բարեկամական» հեռախոսազրույցից հետո։ Նա հաստատել է ձեռք բերված պայմանավորվածությունը.
Շեյնբաումը համաձայնել է լրացուցիչ 10 հազար զինվոր ուղարկել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը պահպանելու համար: Երկու քաղաքական գործիչների կարծիքով՝ դա կօգնի դադարեցնել թմրանյութերի և անօրինական ներգաղթյալների ներհոսքը Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ն իր հերթին հավատարիմ է Մեքսիկա զենքի անօրինական առաքումները կանխելուն:
Չինաստանի Պետական խորհուրդն էլ հայտարարել է, որ Պեկինը 15 տոկոս մաքսատուրք կսահմանի ԱՄՆ-ից ածուխի և հեղուկ բնական գազի ներմուծման վրա, ինչպես նաև 10 տոկոս մաքսատուրք նավթի և ամերիկյան այլ ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների և գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծման համար: Չինաստանի իշխանությունները հայտարարել են, որ պատասխան միջոցները ուժի մեջ կմտնեն փետրվարի 10-ից:
Թրամփը ծրագրել էր զրուցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, սակայն դեռ չի արել, իսկ մաքսատուրքեր սահմանելու Վաշինգտոնի որոշումն արդեն ուժի մեջ է մտել։