Կարևոր իրադարձություններ

Ինքնասպանություն են դրել, որ բանակին չեպե չլինի. Զինծառայող որդու մահվան մասին հայրն իմացել է հեռուստաընկերության վազող տողից

07 Հոկտեմբեր, 2015 23:22
Ինքնասպանություն են դրել, որ բանակին չեպե չլինի. Զինծառայող որդու մահվան մասին հայրն իմացել է հեռուստաընկերության վազող տողից

forrights.amը գրում է. «Հպարտացել եմ, որ զինվոր տղա ունեմ, բայցոնց ուղարկել եմ, նենց կուզեի հետ գար 
Պաշտպանության նախարարությունը բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին նրանց ընտանիքներին պատշաճորեն չի հայտնում: Հարազատները իրենց զավակների մահվան գույժը ստանում են ամենատարբեր աղբյուրներից, ինչը խորապես խոցում է նրանց:

Սպիտակի Արևաշող գյուղից բանակ զորակոչված Հարություն Համբարյանի մահվան մասին հայրն իմացել է հեռուստաընկերության վազող տողից:
«Զանգեցին, թե զինկոմիսարիատից ա, ձեր տղան վիրավորվել ա, բերում են Երևան, հարցրի՝ ինչ, ոնց…ասեցին՝ մենք տեղյակ չենք, հետո որ հեռուստացույցով վազող տողով կարդացի ու էդ զանգն էլ՝, արդեն հասկացա….ես էլ մենակ էի, պլիտեն   միացրած՝ ընկել եմ վրան, չգիտեմ էլ ինչքան եմ տենց մնացել… », պատմում է  միակ որդուն կորցրած հայրը՝ Հրայր Համբարյանը:

Մահվան պատճառների մասին ուշացումով են հայտնել:

«Հարյուր տոկոս չէին ասում, ասում էին՝ չենք կարա ասենք ինչից ա, կարա  լինի՝ և ինքնասպանություն,  զենքի հետ անզգուշություն, մտածեցի՝ երևի պատահականությունա, իմ մտքով չանցավ, որ իրեն կխփեն… »:

Ի վերջո ՀՀ քննչական կոմիտեն  կողմնորոշվել է և քրեական գործ է հարուցել ՀՀ քրօրի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանություն:  Նախաքննական մարմնի առաջ քաշած վարկածով շարքային Հարություն Հրայրի Համբարյանը իրեն ամրակցված ԱԿՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:

Ընտանիքը բացառում է ինքնասպանության վարկածը ոչ միայն այն պատճառով, որ վստահ են, իրենց որդին նման քայլի չէր գնա, նաև նախաքննության առաջ  քաշած անհավանական վարկածը՝ «ԱԿՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով» , համոզմունք է առաջացրել, որ Հարությունին սպանել են:

Ընտանիքը մշտապես կապի մեջ է եղել Հարությունի հետ: Վերջին անգամ նրա հետ խոսել են դեպքից մեկ օր առաջ, մայիսի 7-ի երեկոյան: Խոսել է ընտանիքի բոլոր անդամների հետ, հայրն ասում է հանգիստ էր, ասում էր շուտով արձակուրդ եմ գալու՝ խոտհունձին օգնելու:

«Ինձ հետ վերջում էր  խոսում, շատ երկար, բոլոր հարցերը պիտի տար՝ քաղաքական, Ուկրաինայի հեղափոխությունից, ամենավերջում՝ շախմատը ոնց եղավ՝  ինքը պրոֆեսիոնալ շախմատիստ էր… տխո՛ւր էր մի ձև, ասեց Անգլիայի առաջնությունն ասա,  հերթով ասել եմ՝ թիմերը, գոլերը, ո՛վ ա խաղացել, ո՛վ ա գոլ խփել՝ որերորդ րոպեին, ով ա զամենա եղել, ով էր մարզիչը, մրցավարը, իրան էս ամեն ինչը իսկապես հետաքրքրիր էր, ինքը չէր կարող հաջորդ օրը ինքնասպան լիներ…վստահ է քույրը՝ մասնագիտությամբ բժիշկ Հասմիկը:

Մայիսի 8-ին, երբ ընտանիքն արդեն տեղեկացված էր Հարությունի մահվան մասին, զինկոմիսարիատից ասել են, որ ինքնասպան է եղել ինքն իր կզակից կրակելով:

«Քննիչը որ եկել էր մեր տուն, հարցրեցի՝ կզակի՞ց էր հեշտ ինքնասպան լինել, թե՞ չգիտեմ ինչ ձևերով տանջվեր, եսիմ ինչ ձևեր ա ցույց տալիս, հետո էլ ասում ա՝ կարող ա պատահականություն ա…», ինքնասպանության վարկածի դեմ ընդվզելով պատմում է մայրը:

Քույրը քննիչին հարցրել է, թե ինչ տրամադրություն ուներ Հարությունն այդ օրը, ինչ է պարզել քննությունը

«Ասում են՝ շա՛տ լավ, էդ օրը վեր ա կացել, լողացել, մազերը սարքել ա,  իրան նայել ա հայելու մեջ, դուխին փչել ա, նայել ա դարակում՝ Ջեկ Լոնդոնը ստեղ ա, խաչբառերը տվել ա,  ասել ա՝ տղեր՛ք, չեմ հասցնի արդեն լուծեմ, ես հազիվ էս գիրքը կարդամ ու գնացել ա՝ իրա մարտական հերթապահությանը կանգնելու ու էդ եղել էդ ընթացքը…», Հարությունին ծանրոցներ ուղարկելիս առաջին հերթին գրքեր էին ուղարկում, ֆուտբոլի բոլոր համարները, խաչբառներ, դասական երաժշտության կամ աֆորիզմների հավաքածուներ, առանց դրանց չէր կարողանում:

Դպրոցական տարիներից ի վեր մասնակցել է շախմատի մրցումների, նաև հանրապետական:

«Ես քննիչին ասում եմ, իրա IQ-ն 128-ա, ասում ա՝ էդ ինչ ա, ասում եմ՝ եթե հոգեբանները պիտի ուսումնասիրեն, կասեն էդ ինչ ա…ասում եմ՝ ինքը շախմատի ազգային վարկանիշ ունի, ասում եմ՝ 9 տարեկանից մինչև հիմա պահպանել ա, հատկապես էն դեպքում,, որ 2 տարի չի մասնակցել»:

Քույրն ասում է, որ զորամասում անցկացվող շախմատի մրցումներին  Հարությունը երբեք չի մասնակցել, իր հրամանատարը՝ կապիտան Գեղամ Դանիելյանը թույլ չի տվել:

«Միշտ մի պատճառ ա բռնել,  իսկ Հարութը միշտ ցանկանում էր մրցումներին մասնակցել, ասում էր՝ հաղթողներին խրախուսում են, արձակուրդ են տալիս, բայց իրան ոչ մի անգամ թույլ չէին տալիս մասնակցել»:

Դպրոցում լավ էր սովորում, բոլոր առարկաներից գովասանագրեր, օլիմպիադաներին միշտ մասնակցել է և հաղթել: Հարությունը Ագրարային համալսարանի ուսանող էր, երբ զորակոչվեց  բանակ՝ ԼՂՀ  Մարտակերտի Ինտերնատ զոորամաս: Ծառայեց 16 ամիս:

«Քննչականի պետի հետ եմ խոսում, ասում ա՝ դարակները նայել եմ՝ ակուրատնի, մաքուր, կոկիկ՝ ամեն ինչը զապասով…շատ լավ տղայա, բայց բանակին մի քիչ վատ տպավորություն ա թողնում՝ ակնոցներով, գիրք կարդացող տղեն, ասի՝ո՛նց՝ վատ ա նայվում, դրա համար պտի բռնեք՝ սպանե՞ք…»,  բորբոքվում է քույրը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

 

Լրահոս

Դիտել ավելին