Կարևոր իրադարձություններ

Գրադարանավարն ընթերցողի հավատարիմ աջակիցն է. ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

07 Հոկտեմբեր, 2015 12:50
Գրադարանավարն ընթերցողի հավատարիմ աջակիցն է. ԱԺ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ

ՀՀ ԱԺ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա կապակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է.

«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ, շնորհավորում եմ ձեզ Գրադարանավարի օրվա առթիվ: Այսօր բոլոր նրանց տոնն է, ովքեր սիրում են գիրքը՝ գիրք գրողների, այն պահպանողների և ընթերցողների տոնը:

Մինչև հրատարակվելը գիրքը գրողի սեփականությունն է, լույս տեսնելուց հետո դուք դառնում եք այն պահպանողն ու տարածողը: Գրադարանների ընթերցասրահներում բազմանշանակ ու խորիմաստ լռություն կա, որը դաստիարակում է ու կրթում, գիտելիք տալիս ու մտածել սովորեցնում: Դուք, այդ լռությանը լեզու տալով, անմիջական երկխոսություն եք ստեղծում գրքի ու ընթերցողի միջև, որն ավանդաբար երբեք չի ընդհատվում:

Այսօր գրադարանները դարձել են նաև տարբեր մշակութային միջոցառումների, այդ թվում՝ գրքի շնորհանդեսների անցկացման սիրված վայրեր: Գրադարանային գործը արդիականացման գործընթացում է, իսկ գրադարանավարի աշխատանքը ընդլայնում է իր բովանդակությունը, սակայն երբեք չի կորցնում իր նշանակությունն ու արժեքը: Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների և հաղորդակցակության միջոցների սրընթաց զարգացմանը՝ գիրքն ինքը երբեք չի կորցնում իր արժեքը և մնում է գիտելիքի անփոխարինելի աղբյուր, իսկ գրադարանավարը՝ ընթերցողի հավատարիմ աջակիցը:

Համոզված եմ, որ ձեր անգնահատելի աշխատանքը կշարունակի նպաստել մարդկանց և մշակույթի ու արվեստի շփմանն ու մերձեցմանը, քաղաքացու և հատկապես աճող սերնդի դաստիարակությանն ու նրանց մեջ համամարդկային արժեքների սերմանմանը:

Շնորհակալություն հայտնելով մասնագիտությանն անշահախնդիր նվիրվածության, քրտնաջան ու համբերատար աշխատանքի, գիրք սիրելու և այն քարոզելու, ընթերցողին մշտապես օգտակար լինելու ձգտումի համար՝ մաղթում եմ ձեզ առողջություն, բարեկեցություն և լավատեսություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին