Կարևոր իրադարձություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողություն Մարսելում

10 Հոկտեմբեր, 2015 11:00
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձանի բացման արարողություն Մարսելում
Հոկտեմբերի 8-ին Մարսելի պատմական Ֆարո պալատի այգում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Վիգեն Ավետիսի «Հայոց Մայր» բրոնզե հուշարձանի բացումը: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ լրատվական ծառայությունը:
 
Միջոցառմանը ներկա էին Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն, Մարսելի փոխքաղաքապետ Դիդիե Փարաքյանը, Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, քանդակագործ Վիգեն Ավետիսը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ֆրանսիական և հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, օտարերկրյա հյուրեր, լրագրողներ:
 
Գի Տեսիեն իր բացման խոսքում նշեց, որ արձանի ցուցադրությունը ոգեշնչող է, որի նպատակը Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելն ու գալիք սերունդներին իրազեկելն է 1915թ. հայերի հանդեպ տեղի ունեցած Ցեղասպանության մասին:
 
Պարոն Տեսիեն անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերություններին, հայ համայնքի ու տեղական իշխանությունների արդյունավետ ու բազմածավալ աշխատանքներին` հայանպաստ բազմաթիվ միջոցառումների անցկացման գործում:
 
Մարսելում ՀՀ հյուպատոս Սամվել Լալայանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մարսել-Պրովանս-Մետրոպոլ համայնքի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեին` վերջինիս` Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում հետևողական գործունեության համար, բոլոր մարսելցիներին, ինչպես նաև ողջ ֆրանսիացի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման և հիշատակի միջոցառումները հավուր պատշաճի անցկացնելու համար` նշելով, որ Հայաստանում առանձնակի բարձր են գնահատում Ֆրանսիայի դերակատարությունը Ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:
 
Միջոցառման ավարտին կայացավ համերգ Ալեն Բաբուշյանի լարային քառյակի և Լիոնի օպերային երգիչ Պիեր Քապելայի մասնակցությամբ: Հնչեցին Կոմիտասի և արտասահմանյան կոմոզիտորների մի շարք ստեղծագործություններ:
 
Միջոցառումը լայնորեն լուսաբանվեց ֆրանսիական լրատվամիջոցներով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին