Կարևոր իրադարձություններ

Հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր

09 Հոկտեմբեր, 2015 13:20
Հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր

Երրորդ տարին անընդմեջ հոկտեմբերի 9-ը նշվում է որպես Հայաստանի լեռների և լեռնագնացների օր: Այդ նախաձեռնությամբ 2013 թվականին հանդես է եկել Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան: Այդ օրը Ֆեդերացիայի անդամները կամփոփեն 2015թ. առաջին կիսամյակի արդյունքները, կհայտարարվեն «Մարդը լեռներում» ֆոտոմրցույթի հաղթողների անունները, իսկ միջազգային վերելքների մասնակիցները կստանան իրենց դիպլոմները: Ինչու՞ է ընտրվել հոկտեմբերի 9-ը: Շատերը տեղյակ են, որ 1829-ի հոկտեմբերի 9-ին/հին տոմարով սեպտեմբերի 27-ին/ Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Ֆ.Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ վերելք է կատարել Արարատ լեռան գագաթը: Այս տարվա ընթացքում Ֆեդերացիան լուրջ արդյունքներ է արձանագրել: 2015թ. հունվարից սկսած՝ Ֆեդերացիայի անդամները և այս սպորտաձևի համախոհները 20 վերելք են կատարել դեպի աշխարհի բարձր կետերը՝ Էլբրուս (5642 մ.), Կազբեկ (5033), Դեմավենդ (5610) լեռներ: Ընդհանուր առմամբ՝ վերելքներին մասնակցել է շուրջ 150 լեռնագնաց: Այս ցուցանիշը աննախադեպ է Ֆեդերացիայի համար: Ընդլայնվել է նաև Ֆեդերացիայի կազմը, որն ունի շուրջ 80 անդամ: Նախկինում անդամների թիվը շուրջ 50 էր: Հարկ է նշել, որ ֆեդերացիան նախապատրաստվում է 2016-ին վերելք կատարել Պամիր լեռնաշղթայի 7 հազար բարձրություն ունեցող լեռներից մեկը:

 

Լրահոս

Դիտել ավելին