Կարևոր իրադարձություններ

Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանի ղեկավարին

08 Հոկտեմբեր, 2015 16:39
Հրանուշ Հակոբյանն ընդունել է Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանի ղեկավարին

Հոկտեմբերի 8-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ռուսաստանի հայերի միության Կամչատկայի տարածաշրջանի ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Խաչատրյանին:

Հյուրը տեղեկություններ հաղորդեց Կամչատկայի երկրամասի հայության մասին՝ նշելով, որ ներկայումս այնտեղ բնակվում է շուրջ 2500 հայ: Նրանց զգալի մասն այնտեղ է մեկնել 1970-80-ական թվականներին: Հեռավորության և կապի ժամանակակից միջոցների բացակայության պատճառով թույլ են Հայաստանի հետ հարաբերությունները:

Համայնքը հիմնականում հայախոս է, սակայն աստիճանաբար հայերենը նահանջում է, քանի որ չկան անհրաժեշտ պայմաններ՝ լեզուն և ավանդույթները պահպանելու համար: Չնայած այս ամենին, համայնքն անմասն չի մնացել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններից. 2015-ի ապրիլի 24-ին ռուսական ուղղափառ Ս. Պետրոս և Պողոս եկեղեցու բակում տեղադրվել է խաչքար և 100 անգամ հնչել են եկեղեցու զանգերը:

Առաջիկա ծրագրերից Արթուր Խաչատրյանը կարևորեց կիրակնօրյա դպրոցի հիմնումը, որի շնորհիվ մատաղ սերունդը հնարավորություն կունենա հայոց լեզու և պատմություն, հայ երգ ու պար սովորել:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորելով ազգային ինքնության պահպանմանը միտված նպատակային աշխատանքները՝ պատրաստակամություն հայտնեց Սփյուռքի նախարարության բազմակողմանի աջակցությամբ սատար կանգնել Կամչատկայի հայ համայնքի հայապահպան ծրագրերի իրականացմանը:

 

Լրահոս

Դիտել ավելին