NEWS.am-ը գրում է
Գեւորգյանների ընտանիքը ջայլամի ձվերի վրա 132 հայ կաթողիկոսների դիմանկարներն անելով հայտնվել է «Դյուցազնագրքում»:
«Միանգամից երեք ռեկորդ ենք սահմանել: Ոչ մեկի դեպքում խաչը չի կրկնվում, դրանց ներքեւում դիմանկարներն են, դրանցից ներքեւ վերականգնել ենք Հայաստանի 264 եկեղեցի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կարապետ Գեւորգյանը:
Գեւորգյանները հպարտությամբ նշում են, որ իրենք առաջինն են ջայլամ ներմուծել Հայաստան: Շինարար Կարապետը 10 տարի առաջ որոշել է մանրանկարիչ դստեր օգնությամբ դրանց ձվերի վրա դիմանկարներ, մանրանկարներ պատկերել:
«Հաշվի առնելով, որ ջայլամի ձուն կյանքի խորհրդանիշ է, իսկ ես շատ էի կապված այդ ամենի հետ, ուզում էի կարեւոր բան անել: Ստեղծել ենք մի բան, որը Հայաստանում ու ամբողջ աշխարհում նորություն է: Մենք սրա նկատմամբ հեղինակային իրավունքներ ունենք»,- ասաց նա:
Ջայլամների ձվերի վրա տարբեր ժամանակների արտիստների, գործարարների, հայտնի մարդկանց դիմանկարներ են՝ այդ թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինինը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, երգչուհի Ալլա Պուգաչովան։ Հեղինակները դիմանկարները եւ նվիրում են, եւ վաճառում: Ցանկության դեպքում նաեւ պատվերներ են ընդունում՝ արծաթապատ, ոսկեջրած կամ առանց դրանց:
Գեւորգյանների աշխատանքների մի մասը ցուցադրվում է Երեւանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում այսօր՝ հոկտեմբերի 24-ին բացված «Երևան շոու-2015» ոսկերչական 5-րդ միջազգային եռօրյա ցուցահանդեսին: