Հայազգի ուժային մարզիկներ Յուրի և Արթուր Սաքունցները նոր գլուխ են բացել համաշխարհային ռեկորդների պատմության մեջ՝ սահմանելով բացառիկ նվաճումներ: Նրանք ուղղաթիռ քաշելու անհավանական ուժային ցուցադրություն են իրականացրել:
Յուրի Սաքունցը ձեռքի մեկ ճկույթով քաշել է ուղղաթիռ՝ ընդլայնելով մարդկային հնարավորությունների սահմանները: «Նախկինում ավելի ծանր բաներ եմ քաշել՝ 60 տոննա կշռող վագոն, 40 տոննա կշռող տանկ, բայց այս դեպքում լրիվ ուրիշ ֆիզիկական ուժի գործադրում էր պետք, քանի որ ուղղաթիռի հավասարակշռությունը լրիվ ուրիշ է»,- նշել է նա։ Յուրին նաև հայտնել է, որ իր ռեկորդային կարիերան մտադիր է ավարտել 80 տոննա կշռող ինքնաթիռ քաշելով:
Արթուր Սաքունցը, շարունակելով իր ռեկորդային ճանապարհը, ուղղաթիռը քաշել է ատամներով՝ ևս մեկ անգամ զարմացնելով մարզաշխարհին: 22-ամյա մարզիկը Գինեսի հնգակի, աշխարհի քառակի, Հայաստանի քսանակի ռեկորդակիր է, միջազգային սպորտի վարպետ: Նա իր առաջին ռեկորդը սահմանել է դեռ 16 տարեկանում՝ երկու մատով երեք ավտոմեքենա քաշելով:
Ռեկորդների գրանցումից հետո Սաքունց եղբայրներն իրենց հաղթանակը նվիրեցին հայ ժողովրդին և «Արաբո» լեգենդար ջոկատի քաջարի մարտիկներին՝ շեշտելով, որ յուրաքանչյուր մենամարտից այն կողմ կա ավելի մեծ խորհուրդ՝ ոգու, հայրենիքի և անմահ հաղթանակների խորհուրդը։