Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Տոկիոյում (Ճապոնիա) կայացած «Քաղաքական երկխոսություն վեճերի այլընտրանքային լուծման վերաբերյալ՝ միջազգային հաշտարարության տարածումը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում» համաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Ասիական զարգացման բանկի հրավերով հայկական պատվիրակությունը ներկայացրել է Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման ուղղությամբ իրականացվող ընդգրկուն բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևոր դերը միջազգային ներդրումային, առևտրային և տնտեսական վեճերի արդյունավետ կարգավորման գործում: Ելույթ ունենալով համաժողովին Տիգրան Դադունցն ընդգծել է Արդարադատության նախարարության հանձնառությունը՝ ստեղծելու վեճերի լուծման ավելի արդյունավետ և բարենպաստ իրավական միջավայր, ինչպես նաև տեղական օրենսդրությունը համահունչ դարձնելու միջազգային լավագույն փորձին։
Նա կարևորել է արբիտրաժի և հաշտարարության կիրառության ընդլայնումը, ինչը կնպաստի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցմանը և վեճերի ավելի արագ կարգավորմանը։ Նախարարի տեղակալը կարևորել է նաև Ասիական զարգացման բանկի աջակցությունը Հայաստանում վեճերի լուծման եղանակների զարգացման, հատկապես Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի ստեղծման գործում:
ՀՀ պատվիրակության կազմում էին «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Դավիթ Ղարիբյանը, ավագ իրավաբան-փորձագետ Մարիա Պետրոսյանը և «Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Լիլիթ Պետրոսյանը:
Կոնֆերանսը կազմակերպվել է Ասիական զարգացման բանկի ինստիտուտի (ADBI), Ասիական զարգացման բանկի՝ «Իրավունքի և քաղաքականության բարեփոխումների» ծրագրի, ՄԱԿ-ի Միջազգային առևտրային իրավունքի հանձնաժողովի (UNCITRAL) և Ճապոնիայի արդարադատության նախարարության համագործակցությամբ՝ համախմբելով ավելի քան 15 երկրի պաշտոնական ներկայացուցիչներին և առաջատար կենտրոններին՝ քննարկելու վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացման հեռանկարները»,- ասված է հաղորդագրության մեջ: