Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 19-ին ամփոփվել են Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Ժորա Թովմասյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Քննչական կոմիտեի ներկայացուցիչները, վարչական շրջանի դատախազության դատախազները, այլք:
Ժորա Թովմասյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը: Վարչական շրջանի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ իրավասու դատարան է հանձնվել 549 քրեական վարույթ՝ 574 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 350 քրեական վարույթ՝ 386 անձի վերաբերյալ)։ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 571 անձի վերաբերյալ 538 քրեական գործ (2023 թվականին՝ 364 քրեական վարույթ՝ 376 անձի վերաբերյալ): 460 քրեական գործով 476 անձի նկատմամբ կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 310 վարույթ՝ 315 անձի վերաբերյալ): Շենգավիթ վարչական շրջանի դատախազությունը 2024 թվականի ընթացքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, իրավասու դատարան է ներկայացրել 2 հայցադիմում: