ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկնել է պաղեստինցիներին Գազայի հատվածից տեղահանելու և հարևան երկրներում վերաբնակեցնելու վիճահարույց առաջարկը՝ ընդգծելով, որ Գազայի վերակառուցումից հետո պաղեստինցիները վերադառնալու իրավունք չեն ունենա. այս հայտարարությունը հակասում է նրա վարչակազմի մյուս պաշտոնյաների հավաստիացումներին առ այն, որ Թրամփն ընդամենը ժամանակավոր տեղահանման մասին է խոսում: Այս մասին գրում է Associated Press-ը:
Այժմ ԱՄՆ նախագահն ուժեղացրել է ճնշումը արաբական պետությունների, հատկապես ԱՄՆ-ի դաշնակից Հորդանանի և Եգիպտոսի վրա, որպեսզի վերջիններս ընդունեն Գազայի պաղեստինցիներին, որոնք իրենց հերթին պնդում են, որ այդ տարածքն իրենց ապագա պետության մաս է:
Արաբական երկրները սուր քննադատել են Թրամփի առաջարկը, և ԱՄՆ նախագահը պատրաստվում է երեքշաբթի Սպիտակ տանն ընդունել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդին:
Եգիպտոսը և Հորդանանը մասնավոր կերպով բարձրացրել են անվտանգության հետ կապված մտահոգությունները իրենց երկրներում մեծ թվով լրացուցիչ փախստականների նույնիսկ ժամանակավոր ընդունելու վերաբերյալ:
Հարցին, թե ինչպես կհամոզի Հորդանանի միապետին ընդունել պաղեստինցիներին, Թրամփը լրագրողներին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ նա կընդունի, և կարծում եմ, որ մյուս երկրները նույնպես կընդունեն: Նրանք լավ սրտեր ունեն»:
Միևնույն ժամանակ նա չի բացառել միլիարդավոր դոլարների օգնության չեղարկումը Հորդանանին և Եգիպտոսին, եթե նրանք չընդունեն Գազայից տեղահանվելիք պաղեստինցիներին: