Ազգային ժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրեց Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
Նրա խոսքով՝ նախագծով նախատեսվում է ներկայում գործող աշխարհազորի համակարգը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով:
Փոխնախարարը նաև նշել է, որ տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակի հաստիքներին չկցագրված և պահեստազորի երկրորդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով կամավորության սկզբունքով։ Արման Սարգսյանը պատգամավորին կոչ արեց կողմ քվեարկել նախագծի ընդունմանը։