Քենթի արքայազն Մայքլի Ջորջ Չարլզ Ֆրանկլինի հրավերով՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Լոնդոնի Հեմփթոնյան թագավորական պալատում մասնակցել է երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացմանն ուղղված բրիտանական Care for Children միջազգային կազմակերպության ամենամյա գալա ընթրիք-քննարկմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ոլորտային պատվիրակություններ աշխարհի տարբեր երկրներից․ մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանը ողջունել է ներկաներին՝ խոսելով երեխաների խնամատարության ինստիտուտի զարգացման, յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի լիարժեք իրացման ու նրանց լավագույն շահի ապահովման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքների իրականացման կարևորության մասին։ Նախարարը նշել է, որ ինստիտուտի շուրջ ամենատարբեր ձևաչափերով քննարկումները հնարավորություն են տալիս շարունակել լավարկել ոլորտը՝ ծնողական խնամքի կարիք ունեցող երեխաների կյանքը բարելավելու նպատակով:
Անդրադառնալով գործընկեր կազմակերպությունների հետ այս ուղղությամբ իրականացված և նախատեսվող աշխատանքներին՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է Care for Children կազմակերպության հետ ունեցած համագործակցության արդյունավետությունը։ Այս համատեքստում ընդգծվել է համատեղ ստորագրված փոխըմբռնման հուշագրի կարևորությունը, որի շրջանակում կողմերը ստանձնել են պարտավորություն համատեղ աշխատանքներ իրականացնել խնամատարության ինստիտուտի զարգացման ուղղությամբ։
Իր ելույթում Նարեկ Մկրտչյանն անդրադարձել է նաև նախորդ տարի Հայաստանում անցկացված խնամատարության տարածաշրջանային համաժողովին, որի հիմնական նպատակն էր Հայաստանում և միջազգային մակարդակում բարձրացնել խնամատարության մասին իրազեկվածությունը, ներկայացնել համաշխարհային լավագույն փորձը և մշակել քաղաքականություն՝ միտված Հայաստանում, Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում և այլ տարածաշրջաններում խնամատարության համակարգի բարելավմանը։
Գալա ընթրիք-քննարկման ավարտին նախարար Մկրտչյանը Care for Children միջազգային կազմակերպության ներկայացուցչին փոխանցել է նաև հուշադրամ՝ խնամատարարության ինտիտուտի զարգացման գործում բացառիկ ջանքեր ներդնելու համար։