Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը շրջայց է կատարել Շիրակի մարզում կոմիտեի պատվիրատվությամբ կառուցվող Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական հրապարակում։ Նա դիտարկել է կատարված աշխատանքների որակը, տեմպը և ավարտական փուլի աշխատանքների ծավալը։
Շինարարական կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ նախատեսված ծավալը սահմանված ժամանակացույցի համաձայն ապահովելու նպատակով շինարարական հրապարակում աշխատում է շուրջ 50 աշխատակից՝ երկու հերթափոխով։ Շինարարական հիմնական աշխատանքներն ավարտված են, ընթացքում է ներքին հարդարման, արտաքին բարեկարգման, էլեկտրամատակարարման և ջրամատակարարման ցանցերի միացման աշխատանքերի որոշ մասը։
Կոմիտեի նախագահը կարևորել է, որ այլ ծրագրերի շրջանակում տիպային նախագծերով դպրոցի կառուցման ընթացքում արձանագրված թերությունները չկրկնվեն, և ծրագիրն իրականացվի որակի սահմանված նշաձողին համապատասխան։
Արեգնադեմի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքները մեկնարկել են 2021 թվականի հոկտեմբերին։ Դպրոցն ունենալու է մարզադահլիճ և հանդիսությունների սրահ, ապաստարան՝ հագեցած օդափոխության ժամանակակից համակարգով և դիզել-գեներատորով, խաղահրապարակ, արևային ֆոտովորտային կայան։