Կարևոր իրադարձություններ

Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին. «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ

04 Դեկտեմբեր, 2024 19:12
Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին. «Հասարակագիտություն» առարկայի նոր ձեռնարկ

«Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» միջոցառման շրջանակում այսօր տեղի է ունեցել «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին» ձեռնարկի շնորհանդեսը:

Ձեռնարկը նախատեսված է «Հասարակագիտություն» առարկա դասավանդող ուսուցիչների համար:  

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Արդարադատության նախարարության, Հայաստանում Շվեդիայի դեսպանատան ներկայացուցիչներ, մանկավարժներ:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին՝ նշելով, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ կառավարության համար կոռուպցիայի դեմ պայքարը՝ այն նվազեցնելը կամ կանխարգելելը, լրջագույն մարտահրավերներից մեկն է:

«Հատկապես կրթության ոլորտում մեծ աշխատանք կա կատարելու. մենք պատրաստում ենք ապագա քաղաքացիների, որոնք պատկերացում ունենալով կոռուպցիայի դրսևորումների ու իրենց կյանքի վրա դրա բացասական ազդեցության և հետևանքների մասին՝ կունենան որոշակի վերաբերմունք և հետագայում կկարողանան կոռուպցիան հաղթահարելու ճիշտ վարքագիծ ձևավորել»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ հիմնականում նոր չափորոշչի ներդրման համատեքստում՝ ընդգծելով, որ հիմքում գիտելիքահեն կրթությունից կարողունակահեն կրթության անցումն է:

«Կարողունակությունների մի կարևոր բաղադրիչ է արժեքային համակարգը, որի ձևավորման կարևոր բաղադրիչներից է կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի ճիշտ դրսևորումը: Կոռուպցիայի վերաբերյալ թեմաները հիմնականում «Հասարակագիտություն» առարկայի շրջանակում են դասավանդվում, բայց մյուս առարկաները դասավանդող ուսուցիչները ևս միջառարկայական կապերի միջոցով պարբերաբար անդրադառնում են այս խնդրին՝ ջանք չխնայելով սովորողներին փոխանցելու այն արժեքները, գիտելիքն ու կարողությունները, որոնք կերտելու են իրավատեր, օրինապահ քաղաքացիների մեր երկրի համար»,- ասել է Արասքիա Սվաջյանը՝ կարևորելով նաև մասնավոր և քաղաքացիական կառույցների հետ համագործակցությունը:

Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»  ձեռնարկի շնորհանդեսը, որը, ըստ նրա, ուսուցիչների համար օժանդակ գործիք է և հնարավորություն՝ իրենց գործունեության շրջանակում ապահովելու առավել լավ արդյունքներ: Արաքսիա Սվաջյանն առանձնակի շեշտել է դեսպանատների հետ համագործակցության արդյունավետությունը տարբեր ուղղություններով և շնորհակալական խոսք է ասել՝ ի դեմս Շվեդիայի դեսպանատան, որն աջակցել է նշյալ ձեռնարկի մշակմանը:

«Մենք  արժևորում ենք գործընկերների ջանքերն ու համատեղ աշխատանքը, սակայն, այդուհանդերձ, պետք է շեշտել, որ որևէ ծրագիր չի կարող հաջողել առանց մեր ուսուցիչների ահռելի աշխատանքի: Վստահ եմ, որ այս ձեռնարկն օգնելու է առավել լավ արդյունքներ գրանցել կրթության ոլորտում»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը:

Նշենք, որ «Ի՞նչ և ինչպե՞ս խոսել կոռուպցիայի մասին»  ձեռնարկը մշակվել է ԿԳՄՍ նախարարության և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնիհամագործակցությամբ և Շվեդիայի կառավարության աջակցությամբ: Ձեռնարկը երաշխավորվել է օգտագործման ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամանով:

 

Լրահոս

Դիտել ավելին