«Հիշատակարան» հասարակական կազմակերպության և «Ինալկո» հիմնադրամի նախաձեռնությամբ նոյեմբերի 5-6-ը Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Պատմության լուռ վկաները» խորագրով գիտաժողով։
Երկօրյա հագեցած ծրագիր ունեցող գիտաժողովը կպատմի Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգության մասին։ Գիտաժողովը կանցկացվի ժամը 9:30-18:00-ն:
Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն անկախ գիտական հարթակ է, որի առաքելությունն է ապահովել հայկական հուշարձանների գիտականորեն հիմնավորված փաստագրումը։ Վտանգված հայկական մշակութային ժառանգության բացահայտումը, քարտեզագրումն ու ցուցակագրումը իրականացվում են հնագետների, ճարտարապետների, արվեստաբանների, պատմաբանների և թարգմանիչների սերտ համագործակցությամբ ու թիմային աշխատանքով։
Ծրագրի հիմնական նպատակն է վավերագրել վտանգված հուշարձանային ժառանգությունը՝ դրանով իսկ նպաստելով վերջինիս պահպանությանը։ Առաջարկելով անմիջական և հիմնավոր գիտելիքներ՝ նախագիծն ուղղված է ոչ միայն պատմության, արվեստի ու ճարտարապետության, սոցիոլոգիայի և մարդաբանության ոլորտներում մասնագիտացած համաշխարհային գիտական, այլև արվեստասեր հանրությանը։
Հայկական մշակութային ժառանգության փաստագրման և պահպանման ծրագիրն իրականացնում է Հայաստանում գործող «Հիշատակարան» հասարակական կազմակերպությունը։ Ծրագիրն իրականացվում է Ալիֆ և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ՝ «Ինալկո» հիմնադրամի համակարգմամբ։ Ծրագիրը գործում է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի (Inalco) գիտական հովանու ներքո, որտեղ հայոց լեզուն և հայկական մշակույթը դասավանդվում են 1798 թվականից:
Այն համալրում է «Ինալկո» հիմնադրամի մշակութային ժառանգության պահպանման ծրագրերի շարքը։ Ծրագիրը հիմնել և ղեկավարում է Փարիզի Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների պետական ինստիտուտի դոցենտ, արվեստաբան, հայ արվեստի և ճարտարապետության, Կովկասի միջնադարյան քրիստոնեական արվեստի, ռուսական արվեստի և արևելյան եկեղեցիների պատկերագրության մասնագետ Աննա Լեյլոյան-Եկմալյանը։