Կարևոր իրադարձություններ

Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած. «Փաստ»

31 Հոկտեմբեր, 2024 08:22
Տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի պետական պարտքը հաջորդ տարի կաճի մինչև ՀՆԱ-ի 53,5 տոկոսը։ Այս մասին հայտարարեց ֆինանսների նախարարն Ազգային ժողովում 2025 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ: Նախքան 2025 թ.-ի պետբյուջեի նախագծի քննարկմանն անցնելը, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը հիշեցնում է, որ պետական պարտքի բացարձակ մեծությունն այս իշխանությունների օրոք՝ նախորդ վեց տարվա ընթացքում, կրկնապատկվել է: «12 միլիարդ դոլարից ավելի պետական պարտք ունենք, սա փաստ է: Եթե դիտարկում ենք 1991 թ.-ից մինչև 2018 թ.-ը և 2018 թ.-ից հետո ընկած ժամանակահատվածները, ունենք պետական պարտքի կրկնապատկում:

Այս իշխանությունների օրոք պետական պարտքի տարեկան աճի միջին տեմպը գերազանցել է մեր երկրի համախառն ներքին արդյունքի աճի միջին տեմպին, նույնիսկ այն պարագայում, երբ 2022, 2023, 2024 թվականներին, արտաքին գործոնով՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, ունեցել ենք թռիչքաձև՝ երկնիշից բարձր աճեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ հիմա այս արտաքին գործոններն էապես թուլանում են: «Այս տարվա երկրորդ կիսամյակում մեր տնտեսական ակտիվությունը նախորդ 2,5 տարվա միջինից առնվազն 2 անգամ նվազել է: Արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա թուլացման հետևանքով արդեն փաստ է, որ երկրորդ կիսամյակում ունենք ոչ միայն տնտեսական ակտիվության ցուցանիշի էական նվազում, այլ նաև ծրագրված հարկային մուտքերի և պետական բյուջեի ծախսերի էական թերակատարում: Գործոնի թուլացումը փաստվում է նաև նրանով, որ հաջորդ տարվա պետական բյուջեում ՀՆԱ-ի աճ այս իշխանությունը կանխատեսում է երկու անգամ ավելի պակաս, քան արձանագրվել է նախորդ 2,5 տարին: Գիտեն, որ արտաքին գործոնն իր դրական ազդեցությունը թուլացնում է, մի պահից վերանալու է, և արդեն համեստ տնտեսական աճ են դրել հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում: Իրենց նշած 53,5 տոկոսի մասին. դա բավականին ռիսկային թիվ է: Կան էական գործոններ, որոնք կարող են հանգեցնել ոչ թե 53,5 տոկոս պարտք-ՀՆԱ հարաբերակցության, այլ էլ ավելի բարձր ցուցանիշի, ընդհուպ մոտեցնեն ռիսկային շեմին:

Որո՞նք են այդ գործոնները: Համախառն ներքին արդյունքի 5,5 տոկոս աճ ապահովելն էապես դժվար, բարդ ու ռիսկային է լինելու՝ նկատի ունենալով այսօրվա և պահպանվող բացասական միտումները: Դրանցից մեկը տնտեսության կառուցվածքի վատացումն է թե՛ արտաքին առևտրաշրջանառության, թե՛ մեր երկրի տնտեսական կառուցվածքի իմաստով: Արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից էապես մեծանում է, էապես մեծացել է նաև ֆինանսական կախվածությունը: Աճ ապահովող հաջորդ գործոնը արտարժույթով դրամական փոխանցումներն էին արտերկրից, որոնց առյուծի բաժինը նորից Ռուսաստանից է:

Հաջորդը «ոսկու տենդ» կոչվածն է: Նախորդ տարվա երկրորդ կեսից մինչև այս տարվա առաջին կեսը ռուսական ոսկին վերարտահանել ենք հիմնականում Արաբական Միացյալ Էմիրություններ: Սա արդեն չկա, ինչը լուրջ սթրեսային տատանումներ է բերել տնտեսության զարգացման վրա: Արդյունաբերությունը և Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածը պերմանենտ խորացող խնդիրների առաջ է կանգնած, և դա երևում է վիճակագրությամբ: Եթե արդյունաբերության միջից հանում ենք ոսկու արհեստական շրջանառությունը, ունենում ենք արդյունաբերության էական նվազում:

Այս տարի մոտ 10 տոկոսով նվազում է արձանագրել բարձր տեխնոլոգիաների ոլորտը: Գյուղատնտեսության ոլորտը տարիներ շարունակ գտնվում է ազատ անկման մեջ: Դրանք տնտեսական կառուցվածքի էական դժվարություններ են: Եթե ոսկու վերաարտահանումը հանում ենք մեր արտահանումից, մեր արտահանումը ոչ թե աճ ունի, այլ ունի նվազում՝ այն դեպքում, երբ նախորդ երկու տարիներին թռիչքաձև աճ ուներ: Բացասական այս գործոնների համադրմամբ ակնհայտ է դառնում, որ հաջորդ տարի 5,5 տոկոս տնտեսական աճը ռիսկային և բավականին դժվար իրականացնելի ցուցանիշ է»,-կարծիք է հայտնում տնտեսագետը:

Ընդգծում է՝ պետական պարտքը նույնիսկ այս տարի շարունակում է թռիչքաձև աճը»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին