ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողին վիրավորելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Վայոց ձորի մարզի բնակիչ է՝ ծնված 1983թ․։
2024թ. հոկտեմբերի 22-ին` ժամը 19:58-ին, «Վայոց Ձորի» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել այն մասին, որ Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում քաղաքացու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով «Աջ ոտքի ծնկան հոդի շրջանի փակ վնասվածք» ախտորոշմամբ բուժհաստատություն է տեղափոխվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայող:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված օրը Գետափ բնակավայրի Կենտրոնական փողոցում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ ժամը 19։00-ի սահմաններում, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողներին է մոտեցել Վայոց ձորի մարզի 41–ամյա բնակիչը՝ ոչ սթափ վիճակում, և սկսել անհարկի վիճաբանել նրանց հետ։
Տղամարդը, չենթարկվելով հակաիրավական վարքագիծ չդրսևորելու վերաբերյալ պարեկների հորդորներին, շարունակել է նույն վարքագիծը՝ հնչեցնելով հայհոյանքներ: 41–ամյա տղամարդը, մոտենալով պարեկային ծառայողներից մեկին, վիրավորական արտահայտություններ է հնչեցրել նրա հասցեին և քաշքշել նրան։ Տեսնելով այս ամենը՝ պարեկային մյուս ծառայողը արցունքաբեր գազ է կիրառել նրա նկատմամբ, որից հետո նրանց է մոտեցել մոտ 10 քաղաքացի և խոչընդոտել պարեկների օրինական գործողությունները: Քաշքշոցի ժամանակ 41–ամյա տղամարդը հրել է պարեկներից մեկին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել առվի մեջ և ոտքը հարվածել բետոնե հատվածին: 41–ամյա տղամարդու գործողությունների արդյունքում վնասվել և պատռվել է նաև պարեկային մյուս ծառայողի լուսաանդրադարձիչ բաճկոնը և ձեռքի ռադիոկայանի միացման կոճակը:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ 41–ամյա տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է, և տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով, 452-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասերով։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, սակայն դատարանի որոշմամբ վերջինիս նկատմամբ կիրառվել է համակցված՝ տնային կալանք և բացակայելու արգելք:
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում միջադեպի մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։