«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Էյր Արաբիա»-ն փորձեց համագործակցել Հայաստանի հեղափոխական Կառավարության հետ. վճարեց 10 միլիարդ դրամ եւ ընկավ դատարանի դռները։
ԱՆԻՖ-ի՝ «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ի ամենամեծ նախագծերից մեկը՝ «Ֆլայ Արնան», պիտի լիներ հեղափոխություն հայկական ավիացիոն ոլորտում։ Սակայն գործընթացն ավարտվեց բացասական նոտայի վրա. ծրագիրը կյանքի չկոչվեց, իսկ «Էյր Արաբիա»-ն դատի տվեց ՀՀ Կառավարությանը։ Բանն այն է, որ երբ «Էյր Արաբիա»-ն իր ցանկում ավելացնում է եւս մեկ ուղղություն, այն պետք է համապատասխանի որոշակի ներքին կանոնադրական կետերի. դրանք են պարենային ապահովվածությունը, անվտանգության երաշխիքները, Երկրի վրա դիրքը, ռելիեֆը եւ այլ կետեր։
ԱՆԻՖ-ի, այսինքն՝ Հայաստանի եւ «Էյր Արաբիայի» բանակցությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, բանավոր տվել է բոլոր երաշխիքները «Էյր Արաբիայի» ներկայացուցիչներին, հարմարվել է բոլոր կետերի հետ, անգամ անվտանգության երաշխիքներ է տվել՝ միայն թե սկսվի համագործակցությունը:
«Էյր Արաբիա»-ն, հավատալով ՀՀ Կառավարության ազնվությանը, ներդրել է 10 մլրդ դրամ, 10 մլրդ դրամ էլ Հայաստանն է ներդրել. ընդհանուր ներդրվել է 20 մլրդ դրամ, իսկ ծրագիրը տապալել են։ Մարտի 20-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե պետական մասնակցությամբ ավիաընկերության ծրագիրը ձախողվել է: Ըստ նրա՝ ավիաընկերության հիմնադրումից հետո շուկայի կոնյուկտուրան որոշակի փոփոխություն էր կրել, նոր ընկերություններ էին հայտնվել, եւ Fly Arna-ն մրցակցությանը չէր դիմացել»:
Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: