Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռում սպասավորող, Գևորգյան հոգևոր ճեմարանի և նորընծա սարկավագներին՝ ուղեկցությամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանի և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի։
Սարկավագաց դասը Նորին Սրբությանը ողջունել է «Ստեփանոս, քաղցրիկ տատրակ» տաղով, ապա Սյունյաց թեմի առաջնորդը, սարկավագների անունից շնորհավորելով Նորին Սրբությանը Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի կապակցությամբ, հայցեց Հայոց Հայրապետի օրհնությունը։
Իր հերթին Հայր Շահեն ընդգծել է, որ նորընծա սարկավագները, ուսումնառությունն ավարտելով, պատրաստակամ են իրենց գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս դնել հանուն Եկեղեցու պայծառության։
Այնուհետև նվիրական օրվա առիթով Հայոց Հովվապետը շնորհավորել և իր հայրապետական պատգամը փոխանցել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սպասավորող և նորընծա սարկավագներին: Նորին Սրբությունը հույս է հայտնել, որ նորընծաները, իրենց հայացքի առջև ունենալով Սուրբ Ստեփանոս սարկավագի լուսավոր կերպարը, կներշնչվեն սրբի արիությամբ, առ Տերն ունեցած անմանացորդ սիրով ու հանձնառության ոգով:
Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ Սուրբ Ստեփանոսը դարձավ ի սեր Քրիստոսի առաջին մարտիրոսը և առ Քրիստոս իր հավատարմությամբ ու հավատքի զորությամբ նախանշեց Քրիստոսի Եկեղեցու հաղթական ուղին:
Անդրադառնալով ներկայիս կացությանը և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին՝ Նորին Սրբությունը կարևորել է եկեղեցականաց դասի ծառայանվիրումի ոգին՝ անմնացորդ սիրով լծվելու Տիրոջ խոսքի և տերունավանդ պատվիրանների քարոզչությանը։
Հանդիպմանն Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է սարկավագներին առաջնորդվել Սուրբ Ստեփանոսի բարի օրինակով, ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը և լավագույնս արդյունավորելու իրենց ծառայությունը։
Վերջում Նորին Սրբությունը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է սարկավագաց դասին։