Վրաստանի խորհրդարանի մոտ եվրոպամետ ցույցը շարունակվում է. ցույցերի 27-րդ օրն է։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան. մայրաքաղաքի գլխավոր պողոտայում երթևեկությունը կաթվածահար է։
Ցույցի մասնակիցները պարզել են տարբեր բովանդակությամբ բողոքի պաստառներ, ցույցի ժամանակ ձերբակալված և ծեծի ենթարկված անձանց լուսանկարներ։ Ցուցարարների հիմնական պահանջը նոր ընտրություններ նշանակելն ու ձերբակալվածներին ազատ արձակելն է։
Ինչպես նախորդ 26 օրերին, այնպես էլ այսօրվա ընթացքում` բողոքի երթեր են անցկացվել Թբիլիսիի տարբեր վայրերում, իսկ երեկոյան ժամը 20:00-ից ցույցի հիմնական վայրը խորհրդարանի հարակից տարածքն է։
Գրեթե մեկ ամիս է` ինչ Թբիլիսիում և Վրաստանի շրջաններում բողոքի ցույցեր են անցկացվում։ Հոկտեմբերի 26-ի ընտրությունների արդյունքների դեմ բողոքելու գործընթացում մարդիկ սկսեցին զանգվածաբար փողոց դուրս գալ այն բանից հետո, երբ «Վրացական երազանք»-ը 4 տարով օրակարգից հանեց ԵՄ-ին անդամակցելու բանակցությունների հարցը։