ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Դանիելյանն օրերս այցելել է Այրում-Բագրատաշենի սահմանային հսկիչ կետ՝ տեղում հետևելու սննդամթերքի ներմուծման ու արտահանման ընթացակարգերին, ծանոթանալու առկա խնդիրներին:
Տեսչական մարմնի ղեկավարը Պետական եկամուտների կոմիտեի մաքսային մարմինների և ԱԱԾ սահմանապահ զորքերի ներկայացուցիչների հետ քննարկել է այդ սահմանային անցման կետում պետական կառույցների համագործակցության առկա վիճակը, դրա բարելավման համար անհրաժեշտ քայլերն ու հեռանկարները՝ ուղղված վարչարարության պարզեցմանը, ինչը հնարավորություն կտա սննդամթերք տեղափոխող տնտեսավարողներին սահմանահատումն իրականացնել առավել պարզեցված ընթացակարգով: «Միջպետական բեռնափոխադրումների արագ ու անվտանգ իրականացումը առաջնային խնդիր է, որը պետք է ապահովենք կարճ ժամանակում»,- քննարկման ժամանակ շեշտել է Արմեն Դանիելյանը:
Նա նաև այցելել է ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անաասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի Այրում համայնքում գտնվող սահմանային հսկիչ լաբորատորիա՝ ուսումնասիրելու ամռային հեղեղումների պատճառով Այրումի երկաթուղու կամրջի վթարման արդյունքում ստեղծված իրավիճակը, արդի սարք-սարքավորումներով զինված լաբորատորիայի գործարկման այլընտրանքային տարբերակները: