«Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ կամավոր ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարած ուսուցիչը մեկ տարվա ընթացքում նույն եղանակով ենթակա է պարտադիր վերապատրաստման և ատեստավորման։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Կազմակերպվող հաջորդ ատեստավորման նվազագույն շեմը չհաղթահարելու կամ սահմանված ժամկետում ատեստավորմանը չմասնակցելու դեպքում ուսուցչի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ նույն օրենսգրքով սահմանված ժամկետներում և կարգով:
Վերոնշյալ կարգավորումը կսկսի գործել հաջորդ տարվանից, եթե այս կամ նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները հաջորդ տարվա կամավոր ատեստավորման ընթացքում չհաղթահարեն անցողիկ շեմը: Այդուհանդերձ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարվա կամավոր ատեստավորման արդյունքներով մասնակից ուսուցիչների ավելի քան 70 տոկոսը հաղթահարում է շեմը, հույս ունենք, որ այս տարում հաջողություն չգրանցած ուսուցիչները մեծ հավանականությամբ բարձր արդյունքներ կգրանցեն եկող տարվա գործընթացում։