«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աղվանը ծնունդով Լոռու մարզից է՝ Դարպաս գյուղից: Մայրիկը՝ տիկին Իրինան, որդու մանկությունը հիշելիս նշում է՝ նա շատ ակտիվ երեխա էր: «Կյանքով լեցուն էր, ուրիշ բնավորություն ուներ, ուրիշ տեսակի երեխա էր: Փոքրի հետ փոքրի պես էր շփվում, մեծի հետ՝ մեծի նման: Ում էլ հարցնելու լինեք Աղվանիս մասին, նույնը կասի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Իրինան: Աղվանը սովորել է Դարպասի միջնակարգ դպրոցում:
«Ընդունակ երեխա էր, բայց չեմ կարող ասել, որ գերազանց կամ լավ առաջադիմություն է ունեցել: Ինչպես հաճախ են ասում՝ ընդունակ էր, բայց ծույլ: Դպրոցը և ուսումը մի կողմում էին, իր հիմնական հետաքրքրությունը սպորտն էր: Կարատեիստ էր, ավելի շատ զբաղվում էր իր սիրելի սպորտաձևով»: Աղվանը բազմաթիվ մրցումների է մասնակցել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ունի բազմաթիվ մեդալներ, որոնք հավաստումն են նրա, թե որքան նվիրված է եղել իր սիրելի սպորտաձևին: Իսկ կարատե-դոյի անձնագրում խնամքով նշված են նրա բոլոր ձեռքբերումները: Այն այսօր ընտանիքի համար դարձել է մասունքի պես կարևոր մի իր: Մայրիկի խոսքով՝ նպատակ ուներ բանակից վերադառնալուց հետո ամուսնանալ. «Սիրած աղջիկ ուներ, և նպատակն էր բանակից զորացրվելուց հետո շուտ ամուսնանալ: Չգիտեմ, թե ինչու էր այդպես որոշել»:
Աղվանը ծառայության է զորակոչվել 2019 թ. հունվարի 8-ին: Ծառայում էր Սիսիանում: «Հրաշալի տրամադրվածությամբ զորակոչվել է ծառայության, ուրախ է մեկնել, նույն կերպ նաև իր ծառայությունն է անցել: Երբեք չեմ անհանգստացել իր համար՝ այն առումով, որ վստահ էի՝ լավ է ծառայելու բանակում: Իր հրամանատարն էր հետո պատմում՝ եթե զինվորներն իրար թեկուզ մի քիչ չէին հասկանում, Աղվանը մոտենում էր, զրուցում, բոլորին հաշտեցնողն էր: Երբ իրեն հարցնում էինք ծառայությունից, Աղվանս մեզ ոչինչ չէր պատմում, միայն ասում էր՝ բանակը տղու համար է, կծառայեմ, կգամ: Վստահաբար, դժվարություններ էլ է տեսել, բայց մեզ ոչինչ չէր պատմում, բողոքող, տրտնջացող տեսակ չէր, ամեն ինչ իր ներսում էր պահում»:
Այն, որ Աղվանը աչքի ընկնող զինծառայող է եղել, պարզ է դառնում նաև բանակային կյանքում նրա դրսևորած ակտիվությունից: Ծառայության ընթացքում արժանացել է «Հայոց բանակի գերազանցիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ», «Քաջարի մարտիկ» կրծքանշանների: Սիսիանում ծառայող Աղվանը հայտնվում է Արցախում՝ պատերազմի ամենաթեժ կետերից մեկում՝ Հադրութում: «Սեպտեմբերի 27ին իր 20-ամյակն էր լրանում: Նախքան պատերազմի սկսվելն իրենց Նախիջևանի դիրքերն էին տարել: Սեպտեմբերի 26-ին դիրքերից իջեցրել էին: Իրենց որևէ բառ չէին ասել Հադրութ տանելու մասին: Ես էլ իրեն գումար էի ուղարկել, որ տղաների հետ ծնունդը նշեր: Ինձ ասաց, որ ամեն ինչ գնել է, տղաներն անգամ տեսանյութ էին ուղարկել ինձ»: Բայց հենց սեպտեմբերի 27-ին Արցախում պատերազմ սկսվեց: Հոկտեմբերի 9-ին կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանին և նրա զինակից ընկերներին տեղափոխում են Հադրութ: «Խոսում էի իր հետ, ասում՝ Աղվա՛ն ջան, ուշադիր կլինես:
«Մա՛մ, մի վախեցի, գնում ենք՝ մի երկու թուրք սպանենք ու գանք»: Չէր պատկերացնում, թե ուր է գնում, բայց ներսում վախ չկար»: Հոկտեմբերի 16-ին Աղվանն անմահանում է Հադրութում: «Մի քանի օրից Աղվանս արդեն տանն էր: Երկու ընկերով են եղել, երկուսն էլ վիրավորվել են: Ուղղաթիռով տեղափոխել են, երեխես զոհվել է, մյուս տղան ողջ է մնացել: Իմ տղան ամբողջական էր, մեկ քերծվածք չկար մարմնի վրա, անգամ զարմանում էի, թե ինչից է զոհվել, ինչպես: Հետո մեզ արդեն պատմեցին, թե սերժանտ լինելով՝ Աղվանս որքան տղաների կյանք է փրկել, չի թողել նրանք առաջ նետվեն, վտանգեն իրենց, այլ, որպես կոչումով ավագ, առջևում ինքն է եղել»: Այս պատերազմում տիկին Իրինան ոչ միայն տղային, այլ նաև եղբորն է կորցրել. «Իմ եղբայրն էլ է զոհվել պատերազմում, երկուսն էլ ժամկետային զինծառայող էին: Եղբայրս էլ Ջրականում էր: Եղբորս պարագայում մեզ իր ոսկորներն են հասել: Հայրիկս չի էլ հավատում, որ նա զոհվել է, մտածում է, որ եղբայրս ողջ է»:
Հիմա Աղվանը հայրենի գյուղում է՝ Դարպասում: Մայրիկն ասում է՝ ուզում էր, որ որդին իրեն մոտ լիներ: Մեկ տարի առաջ էլ տիկին Իրինան ամուսնուն է կորցրել: Հիմա ընտանիքում մայր ու դուստր են, մեկը մյուսի թիկունքն ու ուժը: «Դժվար է, բայց ի՞նչ անեմ: Այս դեպքում անզոր եմ: Հիմա աղջիկս է ինձ ուժ տալիս, որ ամուր լինեմ, պայքարեմ, ապրեմ: Աղջիկս էլ է շատ ծանր տանում եղբոր բացակայությունը, չի արտահայտվում, ինձանից թաքուն է լալիս, որ չտեսնեմ իր արցունքները: Գիտի, թե որքան կապված էի Աղվանիս հետ: Գիտի նաև, որ հիմա իրենով եմ ապրում: Իրեն ասում եմ՝ և՛ իմ Աղվանն ես, և՛ իմ Քրիստինեն ես»:
Հ. Գ. - Կրտսեր սերժանտ Աղվան Ասլամազյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով, պաշտպանության նախարարության կողմից պատվոգրով՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի, ինչպես նաև ՀՀ պետական սահմանները կյանքի գնով պաշտպանելու համար: Հուղարկավորված է Դարպաս գյուղի գերեզմանատանը»: