ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հոկտեմբերի 30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացել է Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգի ընթացքում հնչել է Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմ» մեծակտավ ստեղծագործությունը:
«Ռեքվիեմի» հրավիրյալ մենակատարներն են հայազգի անվանի սոպրանո Աննա Ագլատովան, Ալինա Չերտաշը (Ռուսաստան, մեցցո-սոպրանո), Տիգրան Մելքոնյանը (Հայաստան, տենոր), Յան Մարտինիկը (Չեխիա, բաս): Համերգին մասնակցել է նաև Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը. գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան: Համերգը ղեկավարել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
Նշենք, որ Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացումը կայացել է սեպտեմբերի 12-ին: Փառատոնի այս տարվա գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը և Հարոլդ Քլարքսոնը:
Փառատոնի կենտրոնական համերգներից էր լեգենդար օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի համերգը տաղանդավոր սոպրանո Ջուլիանա Գրիգորյանի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Նշանակալի էր հայտնի դիրիժոր Ինգո Մեցմախերի ելույթը: Փառատոնի անվանի հյուրերի թվում էին Արաբելլա Շտայնբախերը (ջութակ), Դանիել Մյուլլեր-Շոթը (թավջութակ), Հրաչուհի Բասենցը (սոպրանո), Հելմուտ Դոյչը (դաշնամուր), Կարոլին Վիդմանը (ջութակ), Բարրի Դուգլասը, (դաշնամուր), Իլյիչ Ռիվասը (դիրիժոր) և այլոք:
Երևանյան 16-րդ միջազգային երաժշտական փառատոնի ընթացքում ուշադրության կենտրոնում էին չեխ կոմպոզիտորների ստեղծագործությունները, ինչպիսիք են՝ Դվորժակը, Սմետանան, Յանաչեկը, Բոգուսլավ Մարտինուն, Մարեկ Կեպրտը և Լուբոշ Ֆիշերը: Բացի սիմֆոնիկ մեծակտավ ստեղծագործություններից՝ փառատոնի ընթացքում հնչել են նաև կամերային ստեղծագործություններ՝ հանդիսատեսի համակրանքը վայելող ‹‹Ավետիս›› լարային քառյակի և դաշնակահար Հայկ Մելիքյանի կատարմամբ: Կայացել են մի շարք հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներ:
Փառատոնի ընթացքում եղել են նաև պարգևատրումներ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նախարարության ոսկե մեդալով պարգևատրել է Ջուլիանա Գրիգորյանին:
Փառատոնի հովանավորը Երևանի քաղաքապետարանն է։ Փառատոնի շրջանակում մաեստրո Պլասիդո Դոմինգոն պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: